Ինչպե՞ս պաշտպանվել հասարակական զուգարանների մանրէներից

23:31   20 հոկտեմբերի, 2014

Մանրէներով լի դռների բռնակներով եւ զուգարանակոնքի վրա կասկածելի բծերով հասարակական զուգարանները շատերին են սարսափեցնում: Սակայն փորձագետները նման զուգարաններն առավելագույնս անվտանգ դարձնելու միջոց են գտել:

Ամերիկյան The Drs հեռուստաշոուի փորձագետները հասարակական զուգարաններից փորձանմուշ են վերցրել եւ ուղարկել հետազոտության: Արդյունքները բավական հետաքրքիր են եղել:

Պարզվում է՝ ամենամաքուր զուգարանախցիկը դռներին ամենից մոտ գտնվողն է: Հավանաբար բանն այն է, որ մարդիկ դրանից ավելի քիչ են օգտվում՝ չգիտես ինչու նախընտրելով մյուս խցիկները: Այնպես որ՝ մտնելով հասարակական զուգարան, հարկ է ընտրել հենց առաջին խցիկը:

Երկրորդ զարմանալի բացահայտումը. զուգարանակոնքի նստարանն ամենամաքուրն է ամբողջ զուգարանում: Հնարավոր է՝ պատճառն այն է, որ մարդկանց մեծ մասը դրա վրա չի նստում կամ նստելիս ծածկում է թղթով:

Հսկայական քանակությամբ մանրէներ կան զուգարանի թղթերի կախիչների վրա. դրանց վրա 150%-ով ավելի շատ մանրէներ կան, քան զուգարանակոնքի նստարանի: Դրանց շարքում հաճախ վտանգավոր մանրէներ են լինում, որոնք կարող են թոքաբորբի, արգանդի վարակի եւ այլ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Հավանաբար, մարդկանց մեծ մասը դրանց դիպչում է կեղտոտ ձեռքերով: Խորհուրդ. հասարակական զուգարաններում դրանց մի դիպչեք: Կատարյալ տարբերակ է սեփական թուղթը կամ անձեռոցիկն օգտագործելը:

Հասարակական զուգարան գնալուց հետո անպայման օճառով լվացեք ձեռքերը:

Ցանկալի է զուգարանակոնքի կափարիչին ձեռքով չդիպչել. այն բարձրացրեք անձեռոցիկի օգնությամբ: Առանձնակի զգուշավորների համար. ցանկալի է նաեւ ձեռքերով չդիպչել զուգարանի դռներին: Դրա համար նույնպես անձեռոցիկ կամ արմունկ օգտագործեք:



© NEWS.am Medicine