Ռուսաստանում մոր եւ երեխայի մոտ Էբոլան չի հաստատվել

09:33   20 հոկտեմբերի, 2014

Նիգերիայից վերադարձած Կոմսոմոլսկի բնակչուհու եւ իր փոքրիկի մոտ Էբոլա վիրուս չի հայտնաբերվել. Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանն է հայտնել Խաբարովսկի երկրամասի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Լաբորատոր հետազոտությունները մահացու վիրուսը չեն հայտնաբերել, եւ մայրն ու երեխան, որը դեռ երկու տարեկանը չի բոլորել, դուրս են գրվել հիվանդանոցից։

Մայրն ու երեխան հոսպիտալացվել էին այն բանից հետո, երբ փոքրիկը սկսել էր ջերմել։ Հիվանդանոցում նրանց տարբեր անալիզներ էին արել, այդ թվում Էբոլայի կասկածանքով, քանի որ մայրն ու երեխան մեկ շաբաթ առաջ վերադարձել էին Նիգերիայից, ուր մոլեգնում է մահացու տենդը։ Երեխայի մոտ ախտորոշվել է սուր շնչառական վարակ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայի ներկայիս համաճարակի զոհ են դարձել 4555 մարդ, գրանցվել է հիվանդության 9216 դեպք։



© NEWS.am Medicine