Որոշ մարդիկ Էբոլայի դեմ իմունիտե՞տ ունեն

11:32   21 հոկտեմբերի, 2014

Ամերիկյան գիտնականները պարզել են, որ որոշ մարդիկ Էբոլայի վիրուսի դեմ բնական իմունիտետ ունեն: Նրանք ենթադրում են, որ օրգանիզմի այդ յուրահատկությունը կարող է առանցքային դեր խաղալ սարսափելի հիվանդության տարածումը կանխելու գործում:

Ամերիկյան հետազոտողներն ուսումնասիրել են Էբոլայի վիրուսի նախորդ բռնկումները եւ հայտնաբերել, որ հիվանդության զոհ դարձածների հետ սերտ շփում ունեցած մարդկանց 71%-ը երբեք չի հիվանդացել, չնայած հետագայում նրանց հետ անցկացված թեստերը վիրուսի դրական արդյունք են արձանագրել: Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ Էբոլայի վիրուսի զոհերի հետ սերտ շփում ունեցած եւ չհիվանդացած մարդկանց 46%-ի մոտ հետագայում վարակի նախանշաններ են եղել:

Թեխասից եւ Ֆլորիդայից գիտնականների խմբերը ենթադրում են, որ վիրուսը շատերի համար աննկատ կերպով բարձրացրել է Արեւմտյան Աֆրիկայի բնակչության զգալի մասի իմունիտետը: Եթե հայտնաբերվի, թե ինչպես է այդ տեղի ունեցել, ապա գիտնականները հիվանդության տարածումը կանխելու գործում հզոր զենք ձեռք կբերեն: Մասնավորապես, վիրուսի դեմ իմունիտետ ունեցող մարդկանց հնարավոր կլինի աշխատանքի վերցնել որպես սանիտար, ովքեր կաշխատեն հիվանդների հետ:

Բնական իմունիտետը նշանակում է, որ այն ունեցող մարդիկ նաեւ կկարողանան բուժման համար անհրաժեշտ արյան դոնոր դառնալ: Հետազոտության հեղինակներից մեկը հայտարարել է, որ հնարավոր է` գիտնականները ստիպված չեն լինի սպասել հուսալի պատվաստանյութի ի հայտ գալուն: Նրանք հիվանդության դեմ իմունիտետ ունեցող մարդկանց կօգտագործեն` դրա տարածումը կանխելու համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն, Արեւմտյան Աֆրիկայում հիվանդության բռնկման ընթացքում 9216 վարակվածներից 4555-ը մահացել են:

 



© NEWS.am Medicine