Օստեոպորոզ. կի՞ն եք՝ արդեն ռիսկի խմբում եք

20:18   20 հոկտեմբերի, 2014

Օստեոպորոզը ոսկրային հյուսվածքների հիվանդություն է, որն ուղեկցվում է կալցիումի կորստով եւ ոսկրերի ամրության նվազմամբ, ինչի արդյունքում նույնիսկ փոքրիկ վնասվածքի դեպքում լուրջ կոտրվածքներ են լինում:

Այս հոդվածում NEWS.am Medicine-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում օստեոպորոզի զարգացման հիմնական պատճառներն ու ռիսկի խմբերը:

Օստեոպորոզի պատճառները

Մարդու ոսկրային հյուսվածքները մշտապես թարմանում են. քայքայված հյուսվածքները փոխարինվում են նորերով: Մոտավորապես 10-15 տարվա ընթացքում մարդու կմախքն ամբողջությամբ թարմանում է: Առողջ երիտասարդների մոտ նոր հյուսվածքների արագությունը դրանց քայքայման արագությունից մեծ է, այդ պատճառով հյուսվածքի խտությունը նրանց մոտ աճում եւ մեծանում է, մինչեւ 20-30 տարեկանում հասնում է իր առավելագույնին, այսպես կոչված, «ոսկրային զանգվածի գագաթնակետին»: Սովորաբար 30 տարեկանից հետո հյուսվածքների թարմացման գործընթացը դանդաղում է: Եթե ոսկրային հյուսվածքների քայքայումը զգալիորեն գերակշռում է դրանց վերականգնման նկատմամբ, ոսկրերը փխրուն են դառնում, եւ օստեոպորոզ է սկսվում:

Դաշտանադադարից հետո, երբ կանացի էստրոգեն հորմոնի մակարդակը նվազում է, ոսկրերի քայքայման պրոցեսն արագանում է: Մի շարք էնդոկրին հիվանդություններ եւ որոշ դեղամիջոցներ նույնպես կարող են նպաստել օստեոպորոզի զարգացմանը:

Ովքեր են ռիսկի խմբում

Եվ այսպես, կանանց մոտ օստեոպորոզ ավելի հաճախ է զարգանում, քան տղամարդկանց մոտ, քանի որ կանայք ավելի հակված են հորմոնալ խնդիրների: Նրանց ոսկորներն ի սկզբանե ավելի պակաս ամուր են, իսկ հղիության եւ կրծքով կերակրելու ժամանակաշրջաններ նպաստում են կալցիումի պաշարների նվազմանը: Այդ պատճառով էլ բժիշկները կանանց խորհուրդ են տալիս դեռեւս երիտասարդ տարիքում անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել` այդ հիվանդությունը կանխարգելելու համար, քանի որ դաշտանադադարից հետո արդեն ուշ կլինի որեւէ բան անել: Այդ դեպքում կմնա միայն բուժվել:



© NEWS.am Medicine