Ամերիկյան Ջորջիա նահանգում բուժել են Էբոլա տենդով հիվանդ պացիենտին

10:26   21 հոկտեմբերի, 2014

Էմորի համալսարանի (Ջորջիա, ԱՄՆ) կլինիկայի բժիշկներին հաջողվել է բուժել Էբոլա տենդով հիվանդ եւս մեկ պացիենտի: Այս մասին հայտնել են կլինիկայի պաշտոնական ներկայացուցիչները:

Ըստ նրանց՝ սեպտեմբերի 9 հոսպիտալացված եւ իր անունը հրապարակել չցանկացող պացիենտը արդեն հիվանդանոցից դուրս է գրվել եւ շրջապատի համար վտանգ չի ներկայացնում:

Ի դեպ, սա Էբոլա տենդից բուժման միակ դեպքը չէ. Վերջին շաբաթների ընթացքում նույն կլինիկայի մասնագետներին հաջողվել է բուժել Աֆրիկայում աշխատած եւ այնտեղ վարակված մի քանի բժիշկի: Նույն հիվանդանոց են տեղափոխել նաեւ բուժքույր Էմբեր Վինսոնին, ով Էբոլայով էր վարակվել՝ Թոմաս Դունկանին խնամելիս:

Օմահա (Նեբրասկա, ԱՄՆ) քաղաքի բժիշկներն էլ իրենց հերթին պնդում են, որ իրենց խնամքի տակ գտնվող ամերիկյան լրագրող Աշոկա Մուկպոն, որին երկու շաբաթ է, ինչ բուժում են փորձարարական Brincidofovir դեղամիջոցով, շուտով նույնպես կկարողանա դուրս գրվել: Ճիշտ է, ամբողջովին վերականգնվելու համար նրան դեռ ժամանակ է պետք, բայց բժիշկները պնդում են, որ նա արդեն ապաքինվում է եւ լավ է իրեն զգում:



© NEWS.am Medicine