Հոր գեները փոխանցվում են ե՛ւ երեխայի՞ն, ե՛ւ մո՞րը

23:42   21 հոկտեմբերի, 2014

Հղի կանայք եւ նրանց՝ դեռեւս չծնված երեխաները շատ բան են կիսում. սնունդ, սովորույթներ, մարմին եւ, ինչպես պարզվել է, իմունային ռեւմատոիդ արտրիտ հիվանդության հանդեպ հակումը:

Գտնվելով մոր արգանդում՝ պտուղը նրա հետ մի քանի բջիջներ է փոխանակում: Այդպիսով կնոջ օրգանիզմում բջիջներ են հայտնվում, որոնք գենետիկ այլ կոդ ունեն: Երբեմն այդ բջիջները տասնամյակներ շարունակ կարող են մոր մարմնում մնալ: Այս երեւույթը, որը մինչեւ այժմ ամբողջությամբ բացահայտված չէ, կոչվում է ֆետալ միկրոխիմերիզմ: Կանայք, որոնց մոտ ծննդաբերությունից հետո աուտոիմունային հիվանդություն է զարգանում, միկրոխիմերիզմի ավելի բարձր մակարդակ ունեն, քան առողջ մայրերը:

Հետազոտության հեղինակ, Քալիֆորնիայի Բերքլի համալսարանի համաճարակաբան Ջովանա Քրուսն իր գործընկերների հետ հետազոտել է այս թեմայով նախկին ուսումնասիրությունների արդյունքները, հետո ծավալուն գիտափորձ կատարել: Նրանց հետազոտությանը շուրջ հինգ հազար կամավոր է մասնակցել, այդ թվում՝ ռեւմատոիդ արտրիտով հիվանդ կանայք, նրանց բարեկամները, առողջ կանայք եւ տղամարդիկ: Հետազոտողները նրանցից արյան նմուշ են վերցրել եւ հետազոտել արտրիտների համար պատասխանատու գեները:

Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ անկախ գենետիկ սեփական ռիսկից՝ արտրիտով հիվանդ կանայք երկու անգամ ավելի շատ են ունենում երեխաներ, որոնց մոտ հիվանդության նկատմամբ գենետիկ հակումն ավելի մեծ է: Այսինքն՝ հավանական է, որ այդ «հիվանդ» գեները հորից փոխանցվում են ե՛ւ երեխային, ե՛ւ մորը:

«Բայց թե այդ գործընթացն ինչպե՞ս է կատարվում, մենք մինչեւ այժմ չենք պարզել: Գիտությանն առայժմ անհայտ է միկրոխիմերիկ բջիջների ազդեցության մեխանիզմը»,- պատմել է Քրուսը:

Ապագայում գիտնականները ծրագրում են մանրամասն ուսումնասիրել մոր եւ երեխայի օրգանիզմի վրա հոր գեների ազդեցությունը, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչպես կարելի է կանխարգելել աուտոիմունային հիվանդությունը, եթե հղի կինն արդեն թիրախային խմբում է:



© NEWS.am Medicine