Օբաման առաջընթաց է արձանագրել՝ Էբոլա տենդի դեմ պայքարում

09:46   23 հոկտեմբերի, 2014

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համոզմամբ, Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում որոշակի բարելավում է նկատվում: Այդ մասին նա ԱՄՆ վարչակազմի՝ հեմոռագիկ տենդի դեմ պայքարի համար պատասխանատու ներկայացուցիչների, այդ թվում նաեւ՝ վերջերս նշանակված «ցար» Ռոն Քլեյնի հետ հանդիպման ընթացքում է հայտարարել: 

Նախագահի խոսքով, երկրի Տեխաս եւ Օհայո նահանգներում գործող բուժհաստատությունները ներկայումս լիովին պատրաստ են վիրուսի դեմ պայքարին, Reuters գործակալությանը վկայակոչմամբ հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Նախագահը նաեւ նշել է, որ Էբոլայից մահացած լիբերիացու ազգականներն այլեւս ազատված են կարանտինից, իսկ հիվանդի բուժման ընթացքում մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակված երկու բուժքույրերը որոշակիորեն ավելի լավ են զգում իրենց:

ԱՄՆ նախագահը հուսադրող է համարել նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հնչեցված հայտարարությունն առ այն, որ Նիգերիայում եւ Սենեգալում Էբոլայի համաճարակը դադարեցվել է:

Մինչ այդ, հոկտեմբերի 22-ի դրությամբ, համաձայն ԱՀԿ-ի կողմից բերված տվյալների, Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա-Լեոնեում Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվը 4868-ի է հասել, վարակվածներինը՝ 9911-ի: Ընդ որում, միայն վերջին 5 օրերի ընթացքում մահացու վտանգավոր հիվանդությունը 300 մարդու կյանք է խլել: Հոկտեմբերի 17-ի դրությամբ զոհերի թիվը 4546 էր կազմում, իսկ վարակվածներինը՝ 9 հազարից մի փոքր ավել:

ԱՀԿ-ի տվյալներով, հոկտեմբերի 19-ի դրությամբ Էբոլա վիրուսից տուժած 5 երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում, Սիերա-Լեոնեում, Իսպանիայում եւ ԱՄՆ-ում, հիվանդությամբ մահացության 4877 դեպք է գրանցվել: Նույն ժամանակահատվածում վարակման դեպքերի թիվը 9936 է կազմել: Ավելի վաղ ԱՀԿ-ն համաճարակի՝ Նիգերիայում եւ Սենեգալում դադարեցման մասին հայտարարությամբ էր հանդես եկել:



© NEWS.am Medicine