Սուրճը՝ լյարդի պաշտպանության միջո՞ց

18:45   23 հոկտեմբերի, 2014

Վերջերս իրականացված լայնածավալ հետազոտությամբ պարզվել է, որ նույնիսկ կոֆեին չպարունակող սուրճը կարող է լյարդի պաշտպանության միջոց ծառայել, հաղորդում է The New York Times-ը:

Գիտնականները 1999-2010 թթ.-ին սննդակարգի վերաբերյալ հարցաշար լրացրած 27793 մարդկանց սուրճ խմելու սովորությունը եւ արյան մեջ՝ լյարդի գործառնականության մասին վկայող չորս էնզիմների մակարդակն են ուսումնասիրել: Հետազոտության արդյունքներն առցանց՝ Hepatology ամսագրում են հրապարակվել:

Հավաքագրված տվյալների վերլուծություն արդյունքում պարզվել է, որ կամավորների մեծ մասը՝ ավելի քան 14 հազարը, սուրճ են օգտագործում: Հաշվի առնելով տարիքին, սեռին, ռասային, կրթական ցենզին, ծխելու սովորությանը, ալկոհոլի սպառման ծավալներին եւ այլ գործոններին վերաբերող տվյալները, գիտնականներն այն եզրահանգման են եկել, որ, ի տարբերություն ընդհանրապես սուրճ չօգտագործողների, օրական երեք բաճակ խմողների մոտ լյարդի՝ նորմայից շեղվող մակարդակով էնզիմներ ունենալու 25 տոկոսով ցածր հավանականություն է նկատվում: Կոֆեինի պարունակությունից զերծ սուրճ ըմպող ավելի քան 2000 մասնակիցների պարագայումս եւս ցուցանիշը գրեթե նույնքան է կազմել: 

Այդուհանդերձ, ազդեցության պատճառն անհասկանալի է գիտնականների համար: «Սուրճի բաղադրության մեջ հազարից ավել միացություններ կան: Ու թեեւ դրանցից միայն մի քանիսը կարող են տվյալ ազդեցության պատասխանատուն լինել, դեռեւս պատկերացում չունենք, թե որ մեկի մասին է խոսքը», - նշել է հետազոտության հեղինակ, քաղցկեղի ամերիկյան ազգային կենտրոնի գիտաշխատող Քիան Սիաոն:

Արդյո՞ք սա նշանակում է, որ բոլորն անխտիր պետք է սկսեն սուրճ խմել: «Սա դիտարկային հետազոտություն է եւ պատճառահետեւանքային կապ գտնելու նպատակ չի հետապնդում: Այնպես որ հաստատ ոչինչ չեմ կարող ասել: Միակ բանը, որում համոզված եմ, այն է, որ սուրճը վնասակար չէ լյարդի համար», - մեկնաբանել է դոկտոր Սիաոն:



© NEWS.am Medicine