ԱՄՆ-ում Էբոլա տենդով վարակման նոր դեպք է հաստատվել

09:34   24 հոկտեմբերի, 2014

Միացյալ Նահանգներում Էբոլա հեմոռագիկ տենդով վարակման նոր դեպք է հաստատվել: Մահացու վտանգավոր վիրուսն այս անգամ մեկ շաբաթ առաջ Գվինեայից Նյու-Յորք վերադարձած բժիշկ Քրեյգ Սփենսերի մոտ է հայտնաբերվել, ով, տագնապալի ախտանշաններից դրդված, դեռեւս նախօրերին էր հիվանդանոց տեղափոխվել: Ախտորոշման հաստատման պահից ի վեր նրա Հարլեմում գտնվող տունն շրջափակման մեջ է առնվել: Ներկայումս շինության բոլոր բնակիչների տարհանման հարցն է քննարկվում:

Հիվանդանոցում են հայտնվել նաեւ երեք այլ քաղաքացիներ, որոնք շփման մեջ են գտնվել վարակվածի հետ: Քրեյգ Սփենսերը դեռեւս մեկ ամիս առաջ՝ «Բժիշկներ առանց սահմանների» առաքելության շրջանակում էր Գվինեա մեկնել, իսկ հայրենի քաղաք վերադառնալիս, ռուսական «Առաջին ալիքի» հաղորդմամբ, Բրյուսելով անցնող տարանցիկ չվերթից է օգտվել:

Էբոլայի տարածման աշխարհագրությունը Արեւմտյան Աֆրիկայի երկրներում եւս տարածում է գտնում: Մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակման նոր դեպք նաեւ Մալիում է գրանցվել, որտեղ երկրում ախտորոշված առաջին հիվանդն ընդամենը 2 տարեկան է: Տեղական բուժհաստատություններից մեկի խնամքին հանձնված աղջնակը բոլորովին վերջերս է ծնողների հետ Գվինեայից վերադարձել: Նրա բոլոր մերձավորները, որոնց հետ կարող էր շփում ունենալ, կարանտինի են հանձնվել:



© NEWS.am Medicine