Լեռնային Ղարաբաղում Էբոլայի կանխարգելման դեմ միջոցառումներ են իրականացնում

13:30   24 հոկտեմբերի, 2014

Աշխարհում Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությամբ համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված ԼՂ Հանրապետություն հիվանդության ներթափանցումը եւ ազգաբնակչության շրջանում տարածումն կանխելու նպատակով առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի կողմից հոկտեմբերի 17-ին ստորագրվեց հրաման:

Հրամանի համաձայն տրվել են համապատասխան հանձնարարականներ նախարարության եւ համակարգի, մասնավորապես շտապ բժշակական օգնության, ինֆեկցիոն, համաճարակաբանության եւ հիգիենայի ծառայությունների պատասխանատու անձանց` անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար:

ԼՂՀ բնակչության, ինչպես նաեւ Արցախ ժամանողների եւ մեկնողների շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքներ տարածելու եւ իրազեկելու նպատակով արդեն պատրաստ են «Էբոլա վարակի վերաբերյալ» եւ «Ի՞նչ է Էբոլա վիրուսը եւ ինչպե՞ս պաշտպանվել նրանից» վերնագրված հուշաթերթերի նմուշները եւ «Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակաբանության, դեպքերի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման, վարակի հսկողության» մեթոդական ուղեցույցը: Նախատեսվում են նաեւ սեմինար դասընթացներ՝ ինչպես բուժաշխատողների, այնպես էլ զբոսաշրջության գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների համար:

Առողջապահության նախարարությունը ավելի սերտ կհամագործակցի գյուղատնտեսության նախարարության հետ՝ վայրի կենդանիների հանրապետություն ներկրման սահմանափակումների առնչությամբ: Ստեփանակերտում եւ շրջաններում կիրականացվեն արագ արձագանքման թիմերի ուսուցողական դասընթացներ: Թիմերը կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով:

Հանրապետության բժշկական կազմակերպություններում առկա են արհեստական շնչառական ապարատների, դեղորայքային (ջերմիջեցնողներ, արյունահոսությունը կանխող պատրաստուկներ), անհատական պաշտպանիչ արտահագուստի պահուստային պաշարներ: ԼՂՀ առողջապահության նախարարության պաշտոնաթերթի եւ էլեկտրոնային կայքի միջոցով մշտապես կտրամադրվեն տեղեկություններ էբոլա վիրուսով հարուցված հիվանդության հիմնական կլինիկական ախտանշանների, վարակվելու ռիսկի, տարածման մեխանիզմների եւ գործոնների, կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ:

 

 



© NEWS.am Medicine