Հայրերի եւ դուստրերի լուսանկարների ցուցահանդես՝ Երեւանում (ֆոտո)

14:45   24 հոկտեմբերի, 2014

Այսօր «Իսկ դու ունե՞ս աղջիկ» խորագրով միջոցառման շրջանակում Երեւանում բացվել է համանուն ֆլեշմոբին մասնակցած հայրերի-դուստրերի լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպված է ՀՀ առողջապահության նախարարության եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: Միջոցառման հիմնական նպատակներից մեկն է հանրությանը հասանելի դարձնել այն գաղափարը, որ աղջիկ երեխաները տղա երեխաներին ոչնչով չեն զիջում, եւ շատ հայրեր պարծենում են իրենց դուստրերով:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը լրագրողներին պատմել է, որ սելեկտիվ աբորտների խնդիրը Հայաստանում դեռ բավական լուրջ է, եւ, ըստ տարբեր հաշվարկների, այստեղ տարեկան մոտ 1500-2000 աղջիկ երեխա չի ծնվում միայն աղջիկ լինելու պատճառով:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է սելեկտիվ աբորտների մասին տեսանյութ, իսկ բացման խոսքով հանդես են եկել ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ով նույնպես մասնակցել էր ֆլեշմոբին եւ իր դստեր նկարը համացանցում տեղադրել, եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Ֆլեշմոբի մասնակիցներին նվիրեցին Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գիրքը, որը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ կարեւոր դեր են խաղում կանայք հասարակության մեջ եւ ինչ լավ ղեկավար նրանք կարող են լինել:



© NEWS.am Medicine