Հայաստանի առողջապահության նախարարն ընդունել է Հովարդ Կարագյոզյան հիմնադրամի տնօրենին

16:41   24 հոկտեմբերի, 2014

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց «Հայաստան» հիմնադրամ ԱՄՆ խորհրդի անդամ, Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցության գործադիր տնօրեն Իրինա Լազարյանին։

Նախարարին ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը` գործադիր տնօրենը նշեց, որ Հովարդ Կարագյոզյան հիմնադրամը, հիմնադրվելով Նյու Յորքում, Հայոց ցեղասպանությունը վերապրած որբ երեխաներին սկսել է օգնություն եւ կրթություն տրամադրել 1921թ.-ից։ 1988թ. վերջերին հիմնադրամը ծրագրեր է իրականացրել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում` աջակցություն ցուցաբերելով Սպիտակի երկրաշարժից եւ արցախյան գոյամարտից տուժած համայնքերին։

Հիմնադրամն առ այսօր բարեսիրական ծրագրեր է իրականացնում ինչպես Հայաստանում եւ Արցախում, այնպես էլ Սիրիայում եւ Լիբանանում` մինչեւ 14 տարեկան անապահով հայ երեխաներին տրամադրելով անվճար ատամնաբուժական եւ ակնաբուժական ծառայություններ։ Հայաստանում ծրագիրը գործում է Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում եւ Ստեփանակերտում:

Հիմնադրամը նաեւ դեղեր է տրամադրում պարբերական հիվանդությամբ եւ էպիլեպսիայով տառապող մինչեւ 14 տարեկան հիվանդ երեխաներին եւ այն:

Այնուհետեւ քննարկվեցին «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ արեւելյան տարածաշրջանի տեղական մարմնի կողմից իրականացվող HyeBridge հեռուստաբժշկության ծրագիրը շարունակելու եւ առավել արդիական դարձնելու, համագործակցությունն ընդլայնելու եւ այլ հարցեր։

«Կցանկանայի ավելի խորությամբ ծանոթանալ երկրի կարիքներին` մանկական առողջապահության ոլորտում մեր ծրագրերն առավել թիրախային դարձնելու նպատակով»,-ասաց Իրինա Լազարյանը։

Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց կազմակերպության բարեգործական ծրագրերը եւ համագործակցության պատրաստակամություն հայտնեց։

Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։



© NEWS.am Medicine