3 քայլ՝ սելեկտիվ աբորտների խնդիրը լուծելու համար

19:25   24 հոկտեմբերի, 2014

Սելեկտիվ աբորտները Հայաստանում դեռ շարունակում են լուրջ խնդիր մնալ. դրանց պատճառով երկրում արդեն մոտ 50 000 «ավելորդ» տղա կա, որոնք հետագայում մեծ խնդիրներ են ունենալու՝ զուգընկերուհի գտնելու հարցում:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի կարծիքով, սելեկտիվ աբորտների խնդրի լուծմանը բազմակողմանի մոտեցում է անհրաժեշտ:

1. Օրենսդրական փոփոխությունները սելեկտիվ աբորտների դեմ պայքարի ձեւերից մեկն են: Օրենքի միջոցով հասարակությանը հնարավոր կլինի փոխանցել այն գաղափարը, որ սելեկտիվ աբորտները վատ երեւույթ են, կարծում է Գարիկ Հայրապետյանը:

2. Բացի այդ, պետք է նաեւ, որ մարդկանց մտածելակերպը փոխվի եւ երկու սեռերի երեխաների «արժեքը» հասարակության մեջ հավասարվի:

Աղջիկ երեխան ավելի ցածր է գնահատվում, քան տղա երեխան: Շատերը, Գարիկ Հայրապետյանի խոսքով, կարծում են, որ միայն տղան է շարունակում տոհմը եւ միայն նա է կարող ապագայում խնամել ծնողներին, եւ չեն գիտակցում, որ իրականում ծեր ծնողներին խնամողները եւ նրանց ջուր տվողները ոչ թե որդիներն են, այլ նրանց կանայք: Իսկ որպեսզի ապագայում այդ կանայք լինեն, նրանց պետք է թույլ տալ ծնվել:

Պետք է նաեւ այնպես անել, որպեսզի կնոջ դերը հասարակության մեջ ավելի կարեւոր դառնա: Գարիկ Հայրապետյանի խոսքով, այսօր բարձրագույն կրթություն ստացողների կեսից ավելին կանայք են, իսկ լավ եւ գերազանց սովորողների մոտ 70 տոկոսը կանայք են: Բայց չգիտես ինչու գործազուրկների մեծ մասը նույնպես կանայք են՝ չնայած այն բանին, որ լավ կրթություն եւ գիտելիքներ ունեն:

Արդյո՞ք սա նորմալ է, հարցնում է Գարիկ Հայրապետյանը:

Ճիշտ է, աշխարհն այսօր փոխվում է. բայց մարդիկ դեռ պետք է հասկանան, որ կինը նույնքան հնարավորություններ ունի, որքան տղամարդը:

3. Սոցիալական փաթեթները, որոնք որոշակի առավելություններ են առաջարկում 3-րդ կամ 4-րդ աղջիկն ունեցող ընտանիքներին, նույնպես կարող են շահագրգռել մարդկանց չընդհատել հղիությունը, նույնիսկ եթե սպասված տղայի փոխարեն ծնվելու է եւս մեկ աղջիկ:

Հիշեցնենք, որ սելեկտիվ աբորտների պատճառով Հայաստանում շատ ավելի մեծ թվով տղաներ են ծնվում, քան աղջիկներ: Հետաքրքիր է, որ վիճակագրությունը երկրի բոլոր մարզերում տարբեր է. Վայոց Ձորում, օրինակ, աղջիկ-տղա երեխաների հարաբերակցությունը մոտ է նորմային՝ 100 աղջկա դիմաց այստեղ 110 տղա է ծնվում (ըստ նորմայի 100 աղջկա դիմաց 102-106 տղա պետք է ծնվի): Իսկ Գեղարքունիքում եւ Արագածոտնում աշխարհում ամենաբարձր ցուցանիշներն են գրանցվել՝ այստեղ 124 տղա է ծնվում 100 աղջկա դիմաց:



© NEWS.am Medicine