Ավստրալիայում մահացած մարդկանց սրտերի փոխպատվաստման վիրահատություն են արել

18:39   25 հոկտեմբերի, 2014

Սիդնեյի Սուրբ Վինսենթի հիվանդանոցում երեք հիվանդների մահացած մարդկանց սրտեր են փոխպատվաստել: Մինչ օրս նման վիրահատությունների ժամանակ բժիշկները օգտագործում էին միայն բաբախող սրտեր: Այդ սրտերը նրանք ստանում էին դոնորներից, որոնց մոտ ախտորոշվել էր գլխուղեղի մահ: Նոր մեթոդը թույլ է տալիս հատուկ էլեկտրական սարքի միջոցով վերակենդանացնել սիրտը, որը դադարել է բաբախել 1,5 ժամ առաջ:

Բոլոր երեք հիվանդները, որոնք ենթարկվել են վիրահատության, իրենց լավ են զգում: Նրանցից մեկը Սիդնեյի 57-ամյա բնակիչ է, որն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս երկուսը արագ կազդուրվում են:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ավստրալացի բժիշկների նոր մեթոդի ներդրմամբ զգալիորեն, մոտավորապես, 20 տոկոսով, կավելանա հասանելի դոնորակար սրտերի թիվը, ինչը, ըստ էության, հեղափոխություն է սրտի վիրահատությունների ոլորտում:



© NEWS.am Medicine