Տղամարդու անպտղություն. փաստեր եւ առասպելներ

10:21   27 հոկտեմբերի, 2014

Հանրության շրջանում տղամարդու անպտղությանը վերաբերող բազմաթիվ փաստեր եւ առասպելներ են շրջանառվում, որոնք տարանջատման կարիք ունեն: Ստորեւ ճշմարտությունը երեւակայության արգասիքից բաժանելու փորձ ենք ներկայացնում.

Ջերմային ազդեցության վտանգները

Ամորձիները, որովայնի հետ համեմատությամբ, մի փոքր ավելի ցածր ջերմություն ունեն, քանի որ իրանից դուրս են գտնվում: Բացի այդ էլ, հավելյալ ջերմությունը վտանգավոր է սեռական օրգանների համար, քանի որ կարող է սպերմատոզոիդների ոչնչացման հանգեցնել: Իսկ դրանց վերականգնման համար, որպես կանոն, շուրջ երեք ամիս է պահանջվում: Ուստի պատահական չէ, որ, համաձայն տարածված կարծիքի, ներքնազգեստը, նոութբուքը, սաունան եւ տաք լոգանքը կարող են ամորձիներին հավելյալ ջերմության հաղորդման եւ սպերմատոզոիդների քանակի կրճատման պատճառ դառնալ: Տեսնենք, թե հիշյալ պնդումներից որն է ճիշտ:

Ներքնազգեստ. տղամարդիկ հաճախ են երկմտում, թե արդյոք պետք է, կիպ վարտիքների փոխարեն, առավել թեթեւ նստող ներքնազգեստ կրեն՝ ամորձիները մարմնից հնարավորինս հեռու՝ հավելյալ ջերմությունից զերծ պահելու համար:

«Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ դա իրականում այնքան էլ կապ չունի: Այնպես որ կարող են, ըստ ճաշակի, ցանկացած տիպի վարտիք կրել», - հավաստիացնում է Քլիվլենդի կլինիկային կից գործող տղամարդու պտղաբերության կենտրոնի տնօրեն, բուժհաստատության ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար դոկտոր Էդմունդ Սաբանեն:

Նոութբուք. շարժական համակարգիչներն այնպես են նախագծվել, որ ծնկներին դրած աշխատելու համար հարմար լինեն, ուստիեւ ժամանակի ընթացքում կարող են ամորձիների ջերմության բարձրացման պատճառ դառնալ: Ճիշտ է՝ հատուկ պաշտպանիչ բարձիկներ էլ գոյություն ունեն, որոնք ամորձիները զերծ են պահում ջերմային ազդեցությունից, բայց միայն՝ կարճ ժամանակով: Ուստի դոկտոր Սաբանեն խորհուրդ է տալիս նոութբուքը սեղանին դրած աշխատել:

Սաունա եւ տաք լոգանք. նույնիսկ տաք սաունայում ամորձիները, իրենց առանձնահատուկ կառույցի շնորհիվ, մի փոքր ցածր ջերմություն ապահովելու հնարավորություն են ձեռք բերում, սակայն տաք լոգանքի պարագայում ամեն ինչ ավելի խնդրահարույց կարող է դառնալ, քանի որ սեռական օրգաններն ամբողջությամբ ընկղմվում են տաք ջրի մեջ եւ հովացման հնարավորությունից զրկվում:

Բջջային սարքավորումներից արտազատված ռադիացիայի վտանգները

«Բջջային հեռախոսներն ամորձիներից հնարավորինս հեռու պետք է պահվեն», - խորհուրդ է տալիս դոկտոր Սաբանեն՝ նշելով, որ նմանատիպ սարքավորումներից արտազատվող ռադիացիայի բացասական ազդեցությունը՝ սպերմատոզոիդների նկատմամբ, մի շարք հետազոտություններով է հաստատվել:

Քիմիական ազդեցության վտանգները

Ամենից առաջ հարկ է նշել, որ որոշ դեղամիջոցներ՝ օրինական, թե անօրինական, կարող են բացասական անդրադարձ ունենալ՝ տղամարդու պտղաբերության վրա, ուստի, նախքան նոր դեղահաբ ընդունելը կամ բուժման կուրս անցնելը, հարկ է՝ մասնագետի հետ խորհրդակցել: 

Ծխախոտ. ապացուցված է, որ ծխելու սովորությունից հրաժարվելուց հետո պտղաբերության շոշափելի բարելավում է նկատվում, քանի որ, ինչպես սերմնահեղուկի հետազոտություններն են ցույց տալիս, սիգարետի ծուխը սպերմատոզիոդների թվի, ակտիվության մակարդակի եւ ինքնաբուխ շարժունակության կորստի կարող է հանգեցնել: Բացի այդ էլ, նիկոտինը կարող է սպերմատոզոիդների մեջ առկա ԴՆԹ-ի աղճատման եւ գենետիկ հումքի վնասման պատճառ դառնալ: Դոկտոր Սաբանեն բոլոր հիվանդներին խորհուրդ է տալիս մեկընմիշտ վերջ տալ ծխելու սովորությանը: Կամ գոնե՝ երեխայի բեղմնավորման ընթացքում:

Մարիխուանա. բազմաթիվ հետազոտությունների արդյունքում վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ մարիխուանան կարող է նշանակալի ազդեցություն ապահովել՝ տղամարդու պտղաբերության վրա: Դրա ներգործությամբ նախ եւ առաջ սպերմատոզոիդներին շարժունակությունը եւ տեստոստերոնի մակարդակն է տուժում: Այս պարագայում եւս դոկտոր Սաբանեն խորհուրդ է տալիս գոնե երեխայի բեղմնավորման ընթացքում վնասակար սովորությունից հրաժարվել:

Անաբոլիկ ստերոիդներ. Որոշ մարդկանց թվում է, թե անաբոլիկ ստերոիդների ազդեցությամբ կարելի է տեստոստերոնի մակարդակի աճի եւ պտղաբերության բարելավման հասնել: Իրականում ճիշտ հակառակը կարող է տեղի ունենալ: Ուստի, նախքան ստերոիդների օգտագործումը, հատկապես եթե բեղմնավորման փորձեր եք կատարում, հարկավոր է մասնագետի խորհրդատվությանը դիմել:



© NEWS.am Medicine