Օրական որքա՞ն կալցիում է Ձեզ հարկավոր

18:09   27 հոկտեմբերի, 2014

Կալցիումի՝ օրգանիզմի եւ, մասնավորապես, ոսկրերի համար ունեցած կարեւորության մասին բազմիցս ենք խոսել: Կանանցից շատերի մոտ դաշտանադադարից հետո ոսկրերը կարող են թույլ եւ փխրուն դառնալ, եւ, ի վերջո էլ, չափազանց տհաճ հիվանդություն՝ օստեոպորոզ կարող է առաջանալ, որի հիմնական պատճառներից մեկը կալցիումի պակասն է համարվում: 

Իսկ գիտե՞ք, թե օրական որքան կալցիում պետք է ընդունել՝ առողջ ոսկրեր ունենալու համար: Պարզվում է՝ կախված մարդուց՝ խնդրո առարկա տարրի նկատմամբ պահանջմունքները տարբեր կարող են լինել: Ամեն ինչ գլխավորապես սեռից եւ տարիքից է կախված:

Ահա թե օրական որքան կալցիում է հարկավոր՝ երեխաներին, չափահասներին եւ տարեց մարդկանց.

• Նորածիններ եւ մինչեւ 6 ամսական երեխաներ՝ 400 մգ

• 1-5 տարեկան երեխաներ՝ 600 մգ

• 6-10 տարեկան երեխաներ՝ 800-1200 մգ

• 11-24 տարեկան դեռահասներ եւ երիտասարդներ՝ 1200-1500 մգ

• 25-50 տարեկան կանայք (նախքան դաշտանադադարի մեկնարկը) – 1000 մգ

• Հղի եւ կրծքով կերակրող կանայք՝ 1200-1500 մգ

• Հետդաշտանադադարային փուլում գտնվող կանայք՝ 1500 մգ

• Հետդաշտանադադարային փուլում էստրոգեններով փոխարինողական թերապիա ստացող կանայք՝ 1000 մգ

• 25-60 տարեկան տղամարդիկ՝ 1000 մգ

• 60 տարեկանից բարձր կանայք եւ տղամարդիկ՝ 1500 մգ

Ցանկալի է, որ կալցիումը սննդամթերքի հետ միասին օրգանիզմ անցնի: Այն մասին, թե որ սննդատեսակներն են կալցիում պարունակում, արդեն գրել ենք. NEWS.am Medicine –ի խմբագրությունը խորհուրդ է տալիս անպայման ներառել դրանք սննդակարգում: Իմանալով, թե որքան կալցիում կարելի է գտնել՝ այս կամ այն սննդատեսակի 100 գրամի մեջ՝ ինքներդ Ձեր եւ երեխաների համար առողջ ու օգտակար սննդակարգ կարող եք մշակել:



© NEWS.am Medicine