Կեսարյան հատմամբ ծնված երեխաներն առավել խոցելի են աուտիզմի նկատմամբ

11:33   28 հոկտեմբերի, 2014

Կեսարյան հատմամբ ծնված երեխաները կարող են առավել խոցելի դառնալ՝ աուտիզմի առաջացման նկատմամբ (որպես կանոն, ռիսկը քառորդ չափով բարձր է գնահատվում): Այդուհանդերձ, գիտնականները չվախենալու հորդոր են հղում կանանց, քանի որ հիվանդության զարգացման ռիսկի մակարդակն, ընդհանուր առմամբ, բարձր չէ: Ավելին, ծանր ծննդաբերության սպասող կանանց վճռականապես խորհուրդ է տրվում կեսարյան հատման օգնությանը դիմել, քանի որ այն առավել անվտանգ կարող է անցնել: Խոսքը նախ եւ առաջ հավելյալ քաշ ունեցող, շաքարախտով տառապող, նախկին ծննդաբերությունների ընթացքում բարդությունների բախված եւ հոգեկան խանգարումներ ունեցող կանանց է վերաբերում:

Իռլանդիայում գործող Քորքի համալսարանական քոլեջի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները մի շաքր նախընթաց հետազոտությունների արդյունքների վերլուծությամբ որոշակի կապ են հայտնաբերել՝ կեսարյան հատմամբ ծննդաբերության եւ աուտիզմի առաջացման ռիսկի միջեւ: Նրանց պնդմամբ, գործոնի ազդեցությամբ հիվանդության զարգացման ռիսկի՝ միջինը 23 տոկոսի չափով աճ է նկատվում: Այդուհանդերձ, հետազոտության հեղինակների՝ երեւույթի բացատրությունը գտնելու ջանքերը բավարար արդյունքի չեն հանգեցրել: Նրանց բացահայտմամբ, ինչպես The Daily Mail-ն է հաղորդում, գրեթե նույնանման կապ նաեւ կեսարյան հատմամբ ծննդաբերության եւ ուշադրության պակասի ու հիպերակտիվության համախտանիշի առաջացման ռիսկի միջեւ է գործում:

Հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Լուիզա Քեննին, ով մանկաբարձությամբ է զբաղվում, եւս մեկ անգամ հիշեցրել է, որ կեսարյան հատմամբ ծննդաբերության եւ աուտիզմի առաջացման ռիսկի միջեւ առկա կապի համար պատասխանատու մեխանիզմները մինչ այժմ էլ շարունակում են անհասկանալի մնալ: «Ծնողները կարող են վստահ լինել, որ աուտիստիկ սպեկտրի խանգարումների առաջազմանը ռիսկը, ընդհանուր առմամբ, չափազանց փոքր է, եւ եթե բժշկական ցուցումները ծննդաբերության ընթացքում բարդությունների առաջացում են կանխատեսում, կեսարյան հատումը կարող է իսկական փրկություն դառնալ», - նշել է նա՝ հավելելով, որ, ողջ աշխարհում կեսարյան հատմամբ իրականացվող ծննդաբերությունների թվի հարաճուն աճի ֆոնին  հետազոտության արդյունքում ստացված տվյալների հետագա ճշգրտման կարիք է զգացվում: «Հարկավոր է, բնակչության առավել լայն խմբերի ներգրավմամբ, երեւույթի պատճառահետեւանքային կապի մեխանիզմներն ուսումնասիրել», - մեկնաբանել է դոկտոր Քեննին: 

Մինչ այժմ տարածված կարծիք կար, թե նմանատիպ հիվանդությունները երեխաների մոտ գեների ազդեցությամբ են ի հայտ գալիս: Փորձագետները վստահ էին, որ հենց բնածին ախտաբանությունն է հետագայում աուտիզմի առաջացման հանգեցնում:  Թեեւ կարծիք էլ կա, որ հիվանդության նկատմամբ որոշակի խոցելիություն հատկապես առավել բարձր տարիքի ծնողներից ծնված երեխաների մոտ է նկատվում: Ծնողներ, որոնք, որպես կանոն, կեսարյան հատմամբ են ծննդաբերում:

Այդուհանդերձ, փորձագետները պարբերաբար հորդոր են հղում կանանց՝ առ այն, որ վերջիններս չպետք է մեղավոր զգան իրենց՝ ոչ բնական ճանապարհով ծննդաբերելու արդյունքում երեխայի նորմալ զարգացմանը որեւէ կերպ վնաս հասցնելու ռիսկի համար: Որոշ դեպքերում էլ դատապարտանքի խոսքեր են հնչում՝ բժիշկների ուղղությամբ՝ առ այն, որ նրանք չափազանց հաճախ են խնդրո առարկա պրոցեդուրան իրականացնելու պատրաստակամություն հայտնում: Թեեւ կանայք իրենք էլ կարող են հրաժարվել բնական ճանապարհով ծննդաբերելու եղանակից եւ վիրաբուժական միջամտություն պահանջել: Ճիշտ է՝ ի տարբերություն 50 տարի առաջ իրականացվող պրոցեդուրաների, կեսարյան հատումը ներկայումս անհամեմատ ավելի անվտանգ է դարձել, բայց վարակման, արյան մակարդման եւ որոշ ներքին օրգանների վնասման հետ կապված ռիսկերը մինչ այժմ էլ չեն բացառվում: Մասնավորապես, 2012թ-ին Լոնդոնի կայսերական քոլեջը ներկայացնող գիտնականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել էր, որ կեսարյան հատման ենթարկված 10 կանանցից մեկի մոտ ինֆեկցիայի զարգացման բարձր ռիսկ է գնահատվում, ինչի արդյունքում ծննդկանը ստիպված է ավելի երկար մնալ հիվանդանոցում:



© NEWS.am Medicine