Ուլտրաձայնային հետազոտություն. ի՞նչը կարելի է հետազոտել

14:41   29 հոկտեմբերի, 2014

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ողջ աշխարհում ուլտրաձայնային ախտորոշման օրն է նշվում, ինչի առթիվ էլ NEWS.am Medicine-ի խմբագրությունն առաջարկում է հետազոտության եղանակի առանձնահատկություններին ծանոթանալ:

Ուլտրաձայնային հետազոտությունը, ախտորոշման բավականին երիտասարդ մեթոդ լինելով հանդերձ, (առաջին սարքը 1949թ.-ին՝ ամերիկացի գիտնական Դուգլաս Հաուրիի ջանքերով է ստեղծվել, իսկ կլինիկական ախտորոշման պրակտիկայում ավելի ուշ՝ 20-րդ դարի երկրորդ կեսին գործարկում գտել), ներկայումս ժամանակակից բժշկության կարեւորագույն գործիքներից մեկն է հանդիսանում: Բժշկության գրեթե բոլոր ոլորտներում գործարկվելով՝ այն հսկայական թվով հիվանդություններ ախտորոշելու հնարավորություն է ընձեռում:

Եվ այսպես, ի՞նչը կարելի է հետազոտել՝ ուլտրաձայնային հետազոտության միջոցով.

• Գլխի եւ պարանոցի զարկերակներն ու երակները (դուպլեքս սկանավորում)

• Վերին եւ ստորին վերջույթների զարկերակներն ու երակները (դուպլեքս սկանավորում)

• Սիրտը (էխոկարդիոգրաֆիա՝ դոպլերային հետազոտությամբ)

• Կրծքագեղձերը

• Վահանաձեւ գեղձը

• Պերիֆերիկ ավշային հանգույցները,

• Աչքի խնձորակներն ու դրանք սնուցող անոթները

• Որովայնի խոռոչի օրգանները՝ լյարդը, լեղապարկը, լեղուղիները, ենթաստամոքսային գեղձը, փայծաղը, լիմֆային հանգույցները

• Արտաորովայնային տարածության օրգանները՝ երիկամները, միզուղիները, մակերիկամները, լիմֆային հանգույցները

• Փոքր կոնքի օրգանները (միզապարկ, արգանդ, ձվարաններ եւ շագանակագեղձ)

• Պտուղը եւ ընկերքը (ընդ որում, միաժամանակ կարելի է նաեւ հղիության ժամկետը որոշել, պտղի զարգացման անոմալիաները վեր հանել, ինչպես նաեւ դրա գործառնական վիճակը գնահատել)

• Փոշտի օրգանները (սերմնալարի երակներով արյան հոսքի հետազոտություն)

• Սեռանդամը (էրեկտիլ ֆունկցիայի գնահատման նպատակով)

Եվ այսպես, ուլտրաձայնային հետազոտությամբ կարելի է օրգանի չափերը, դիրքը, ձեւն ու խտությունը, ինչպես նաեւ սնուցող կամ ներսում գտնվող անոթների լայնքը որոշել. հիշյալ տվյալները կարող են չափազանց օգտակար գտնվել՝ բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման տեսանկյունից: Բացի այդ, ուլտրաձայնային հետազոտությունը նաեւ օրգաններում քարեր, կիստաներ եւ ուռուցքներ հայտնաբերելու եւ դրանց չափերը պարզելու հնարավորություն է ընձեռում: 

Ի միջի այլոց, բոլոր օրգանները չէ, որ կարող են ուլտրաձայնային հետազոտության ենթարկվել: Բանն այն է, որ չափազանց բարձր խտությամբ աչքի ընկնող հյուսվածքները կարող են ուլտրաձայնի անդրադարձման հանգեցնել, ինչի արդյունքում էլ դրանց հետեւում գտնվող հյուսվածքները անհասանելի են մնում՝ նմանատիպ հետազոտության համար: Խիտ հյուսվածք, օրինակ, ոսկրերն են հանդիսանում, ուստի եւ չափահաս մարդու ուղեղը, ի տարբերություն գանգատուփին դեռեւս գաղտուն ունեցող փոքրիկ երեխայի, անհնար է ուլտրաձայնային հետազոտությամբ ուսումնասիրել:

Օդը նույնպես անանցանելի է ուլտրաձայնային ճառագայթների համար, ուստի գազեր պարունակող օրգանները (ստամոքս, աղիներ, թոքեր) եւս հետազոտության այս եղանակով ուսումնասիրելու հնարավորություն դեռեւս չի ընձեռնվում: Բայց՝ դեռեւս, քանի որ ուղղությունն այսօր էլ ակտիվ զարգացում է ապրում եւ հետագայում կարող է բոլոր՝ ներկայումս անհասանելի համարվող օրգաններն ուսումնասիրելու միջոց գտնել:



© NEWS.am Medicine