Այսօր Պսորիազի համաշխարհային օրն է

12:50   29 հոկտեմբերի, 2014

Պսորիազով հիվանդների միջազգային ասոցիատիվ դաշինքի նախաձեռնությամբ ամեն տարի հոկտեմբերի 29-ին Պսորիազի համաշխարհային օրն է նշվում: Միջոցառման նպատակը պսորիազի մասին տեղեկացվածության խթանումն ու հիվանդությամբ ախտորոշված մարդկանց աջակցության ցուցաբերումն է:

Պսորիազն աշխարհում ամենալայն տարածում գտած մաշկային հիվանդություններից մեկն է հանդիսանում: Պաշտոնապես գրանցված հիվանդների թիվն ԱՄՆ-ում 7 մլն-ի է հասնում, Կանադայում՝ ավելի քան 1 մլն-ի, Ֆրանսիայում՝ 2 մլն-ի, իսկ ահա Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում՝ շուրջ 3-ական մլն-ի: Ցավոք սրտի, Հայաստանում պսորիազի տարածվածության մակարդակի վերաբերյալ հստակ վիճակագրական տվյալներ չեն ներկայացվում, սակայն կարելի է պնդել, որ այստեղ եւս պսորիազով տառապող մարդկանց թիվը բավականին բարձր է:

Իսկ ի՞նչ է պսորիազն իրենից ներկայացնում: Խոսքը քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդության մասին է, որի ներգործությամբ մաշկին չոր, ուռուցիկ, կարմիր եւ թեփոտ օջախներ կարող են ի հայտ գալ: Մի շարք գործոնների ազդեցությամբ (ծխելու սովորություն, ալկոհոլի չարաշահում, ինֆեկցիոն հիվանդություն, անառողջ սննդակարգ, մաշկի բորբոքում, սառը եւ չոր օդ, որոշ դեղամիջոցներ եւ այլն) հիվանդի առողջական վիճակի առավել վատթարացում կարող է նկատվել:

Պսորիազը կարող է ոչ միայն հիվանդի կյանքի որակի նկատելի նվազեցման հանգեցնել, այլ նաեւ վտանգավոր է այն հանգամանքով, որ բավականին հաճախ (75 տոկոս դեպքերում) հիվանդների մոտ ծանր հոդային հիվանդության՝ հոդերի եւ շարակցական հյուսվածքների բորբոքմամբ բնորոշվող պսորիատիկ արթրիտի առաջացում է հրահրում:

Ներկայումս պսորիազի բուժման բազմաթիվ մեթոդներ (քսուքներ, մաշկի ուլտրամանուշակագույն ճառագայթում, սիստեմային բուժում) գոյություն ունեն, որոնցից եւ ոչ մեկը, սակայն, բոլոր դեպքերում բարձր արդյունավետություն չի երաշխավորում:

 



© NEWS.am Medicine