Թաքնված վտանգ. առիթմիան՝ առանց ախտանիշների

21:24   29 հոկտեմբերի, 2014

Միշա Պարոնյանը երկար ժամանակ չէր էլ պատկերացնում, որ առիթմիա ունի. հիվանդության առկայության մասին վկայող ոչ մի ախտանիշ չկար։

Վերջերս հիվանդությունը նրա մոտ հանկարծակի էր հայտնաբերվել. նա սպորտով էր զբաղվում եւ բուժզննման ժամանակ կատարված էլեկտրասրտագրությունը ցույց էր տվել սրտի ռիթմի խանգարում։

Հետաքրքիր է, որ Միշա Պարոնյանը ապագա բժիշկ-առիթմոլոգ է եւ լավ տեղեկացված է այս խնդրի մասին։ Պարզվում է, Միշան ՎՊՎ (Վոլֆ-Պարկինսոն-Վայթ) սինդրոմով էր տառապում, եւ խնդիրը բավական վտանգավոր էր ու կարող էր հետագայում լուրջ բարդություններ առաջացնել։

Երեկ Միշային վիրահատել էն ԱՄՆ-ից Հայաստան ժամանած բժիշկները եւ հայաստանցի բժշկուհի Լուսինե Մխիթարյանը։ Այժմ նրա սրտի ռիթմը կարգավորվել է, բայց նա կարծես չի պլանավորում սպորտ վերադառնալ եւ ցանկանում է ավելի խորանալ բժշկության մեջ։

Առիթմիաների մի շարք տեսակների հիմնական պատճառը սրտի մեջ տեղակայված բջիջների մի փոքր խումբ է, որը ինքնուրույն իմպուլսներ է արտադրում եւ խախտում է սրտի ռիթմը։ Պարզվում է, նման առիթմիաները երբեմն իրոք ոչ մի կերպ չեն արտահայտվում եւ ախտանիշներ չեն ունենում, սակայն մարդու առողջության եւ կյանքի համար դրանք կարող են վտանգ ներկայացնել։

Երբեմն այդպիսի առիթմիաները հնարավոր է լինում դեղամիջոցների օգնությամբ բուժել կամ վերահսկել, երբեմն էլ վիրահատական միջամտության կարիք է լինում։ Քիչ ինվազիվ այդ վիրահատության ժամանակ հատուկ կաթետերներով բժիշկները պացիենտի սիրտն են ներթափանցում եւ գտնում են սրտի ռիթմը խախտող բջիջների խումբը, այնուհետեւ զգուշորեն այրում են այդ բջիջները։



© NEWS.am Medicine