Քալիֆորնիայում կարանտին է սահմանվել՝ Արեւմտյան Աֆրիկայից ժամանող ուղեւորների համար

10:37   30 հոկտեմբերի, 2014

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի իշխանությունները 21-օրյա կարանտին են սահմանել՝ Արեւմտյան Աֆրիկայի երկրներից ժամանող եւ Էբոլա տենդով վարակված հիվանդների հետ շփում ունեցած ուղեւորների համար:

Նահանգի առողջապահության դեպարտամենտից ստացված տվյալների համաձայն, հիվանդության համաճարակի զոհը դարձած երկրներից ժամանող բոլոր ուղեորներն այսուհետ պետք է ժամանման օդանավակայանի տարածքում բուժզննման պարտադիր պրոցեդուրայի ենթարկվեն: Ընդ որում, յուրաքանչյուր դեպք առանձին է դիտարկվելու: Իսկ այն մասին, թե որտեղ են այդ ուղեւորները կարանտինի ողջ ընթացքում մնալու՝ տեղեկություններ չեն հաղորդվում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ «առաջիկա շաբաթներին եւ ամիսներին» ամերիկացիները կարող են Էբոլա վիրուսով հրահրվող հիվանդության նոր դեպքերի բախվել:

«Ես ցանկանում, որ Ամերիկան հասկանա՝ ճշմարտությունն այն է, որ քանի դեռ Արեւմտյան Աֆրիկայում հիվանդության համաճարակ է մոլեգնում, ԱՄՆ-ում եւս առաջիկա շաբաթներին եւ ամիսներին հիվանդացության առանձին դեպքեր կարող են նկատվել», - նշել է նախագահը: Նրա խոսքով, երեւույթի պատճառն այն է, որ «ոչ ոք չի կարող հերմետիկորեն» փակվել: Ուստի եւ «տենդից պաշտպանվելու լավագույն միջոցը դրա ոչնչացումն է»:



© NEWS.am Medicine