Կույր կնոջ տեսողությունը վերականգնվել է գլխով սեղանին հարվածելուց հետո

21:24   30 հոկտեմբերի, 2014

Նորզելանդացի Լիսա Ռիդի հետ զարմանահրաշ պատմություն է տեղի ունեցել. Նա կորցրել էր տեսողությունը 11տարեկան հասակում, եւ երկար տարիներ կույր էր։ Մի անգամ գիշերը նա կռացել էր շանը համբուրելու համար, եւ գլխով ուժեղ հարվածել փոքրիկ սեղանին։ Առավոտյան նրա տեսողությունը վերականգվել էր։

«Ոչ ոք չգիտի, թե ինչ է ինձ հետ տեղի ունեցել, ոչ ոք չի կարող դա բացատրել», – ասել է նա Daily Mail Australia պարբերականին.– Ես չգիտեմ, ինչպես դա բնութագրել. անհավատալի է, ֆանտաստիկ։ Պատկերացնում եք, թե ինչ է դա, չտեսնել, հետո նորից սկսել տեսնել, բառերով դա հնարավոր չէ արտահայտել»։

Ռիդի խոսքով, նրա համար ամենամեծ անակնկալը իր եղբորը մեծացած տեսնելն էր։ Նա եղբորը մանուկ հասակում էր տեսել, իսկ այժմ նա հասուն տղամարդ է։ Ինքն իրեն էլ Լիսան դժվարությամբ է ճանաչել, իր հիշողության մեջ 11 տարեկան աղջիկն էր մնացել, իսկ հայելու մեջ հասուն կին էր։

Այս ամենը կատարվել է 2000 թվականի նոյեմբերի 16–ին։ Փաստորեն, արդեն 14 տարի է, ինչ Լիսան նորից տեսնում է։  

 



© NEWS.am Medicine