ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում պայքարել կանանց թլպատման դեմ

20:03   30 հոկտեմբերի, 2014

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հայտարարել է կանանց թլպատման դեմ պայքարի արշավի մեկնարկի մասին, քանի որ այդ պրակտիկան «կյանքեր է խորտակում»:

Քենիայի մայրաքաղաք Նայրոբի կատարած այցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ կանացի սեռական օրգանների խեղման պրակտիկան պետք է դադարեցվի, իսկ դրա դեմ ուղղված ցանկացած պայքար պետք է սատարել:

Կանանց թլպատումը ծլիկի, իսկ երբեմն էլ կանացի սեռական օրգանների հեռացումն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 29 երկրներում ավելի քան 125 մլն կանայք ենթարկվել են թլպատման, որը զարգացած երկրներում համարվում է մարդու իրավունքների ոտնահարում: Ու թեեւ մի շարք երկրներում կանանց թլպատումը օրենքով արգելված է, շատերն այն գաղտնի են իրականացնում եւ հաճախ ոչ սանիտարական պայմաններում ու առանց ցավազրկող միջոցների:

«Սա չի կարելի անվանել մշակույթի մաս, սա մարդու իրավունքների ոտնահարում է: Սա խարխլում է աղջիկների երազանքները, հույսերն ու կյանքերը», - պատմել է 36-ամյա Կակենիա Նատիան, ում թլպատել են մանուկ հասակում: 

Կանանց թլպատումը ոչ միայն ցավոտ է, այլ նաեւ վտանգավոր. Դա կարող է ոչ միայն արյունահոսություն եւ վարակներ առաջացնել, այլ վերաարտադրողական համակարգի հետ կապված խնդիրներ, ապագայում ծննդաբերելու անհնարինություն:

 



© NEWS.am Medicine