Երեխայի մտավոր զարգացման հիմնական գործոնը ոչ թե դաստիարակությունն է, այլ գենետիկան

14:37   31 հոկտեմբերի, 2014

Կարո՞ղ է արդյոք երեխան ծնողների ջանքերով առավել խելացի դառնալ: Ինչպես Intelligence ամսագրում նկարագրություն գտած հետազոտության հեղինակներն են պնդում, մտավոր զարգացման մակարդակը գլխավորապես գենետիկայի ազդեցության արդյունք է, եւ ոչ՝ ծնողների դաստիարակության, հաղորդում է FoxNews-ը:

Ֆլորիդայի, Նեբրասկայի, Արեւմտյան Իլինոյսի, Սաուդյան Արաբիաից՝ Աբդուլազիզ թագավորի եւ Նիդեռլանդներից՝   Էրասմուսի համալսարանը ներկայացնող գիտնականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունը կենսաբանական ծնողներից առնվազն մեկի ընտանիքում մեծացող 7 հազար եւ որդեգրված 300 երեխաների շրջանում է իրականացվել: Մասնակիցները մարդկանց, վայրերի եւ իրերի լուսանկարների ճանաչման կարողությունը ստուգող IQ թեստ են հանձնել՝ միջին եւ բարձր դասարաններում, այնուհետեւ մեկ անգամ էլ՝ 18-26 տարեկան հասակում: Բացի այդ, գիտնականների ուսումնասիրության կենտրոնում նաեւ նրանց ծնողների վարքագծային առանձնահատկություններն են հայտնվել:

Գիտահետազոտական խմբի անդամները մասնավորապես պարզել են, որ ծնողների սոցիալիզացումը շոշափելի ազդեցություն չի ապահովում՝ երեխաների մտավոր զարգացման մակարդակի վրա:

«Նախընթաց հետազոտությունները, որոնք ծնողների վարքագծի ազդեցությամբ մտավոր զարգացման մակարդակի փոփոխությունների մասին են վկայում, չեն կարող ճշգրիտ լինել, քանի որ առանց գենետիկ գործոնները հաշվի առնելու են իրականացվել», - նշել է Ֆլորիդայի պետական համալսարանի կրիմինոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, հետազոտության հեղինակ դոկտոր Քեւին Բիվերը: 

Հիշյալ հետազոտությունների արդյունքները, մասնավորապես, այն մասին էին վկայում, որ ընտանեկան ճաշկերույթի ընթացքում երեխաների հետ ինտերակտիվ կապ ապահովող կամ քնելուց առաջ նրանց համար որեւէ պատմություն ընթերցող ծնողների ազդեցությամբ IQ-ի խթանում կարող է նկատվել: Մինչդեռ ընթացիկ հետազոտության շրջանակում ծնողների հետ կենսաբանական որեւէ առնչություն չունեցող՝ որդեգրված երեխաների մտավոր կարողությունների վերլուծությամբ բացառվել է հնարավորությունը, թե ծնողների սոցիալիզացման մակարդակը կարող է վճռորոշ դերակատարում ունենալ՝ նրանց IQ-ի ձեւավորման հարցում:

Այդուհանդերձ, ինչպես գիտնականներն են զգուշացնում, ծնողները չպետք է, հետազոտության արդյունքների վրա հենվելով, երեխաների դաստիարակությամբ զբաղվելու, նրանց հետ սոցիալիզացվելու փորձից հրաժարվեն: Պարզապես ժառանգի վրա ազդեցություն գործելիս ծայրահեղությունների դիմելու կարիք չի զգացվում: 

«Այդուհանդերձ, ծնողների խելամիտ ազդեցությունը կարող է երեխաների մտավոր զարգացման վրա բացասական ազդեցությունից խուսափելու միջոց ծառայել», - զգուշացրել է դոկտոր Բիվերը:



© NEWS.am Medicine