Սկրինինգային նոր ծրագիրը ոչ ինֆեկցիոն հիվանդություններից մահացությունը կնվազեցնի

16:28   31 հոկտեմբերի, 2014

Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ նոր ծրագիր է ներդրվելու՝ ուղղված բնակչության հիվանդացության եւ մահացության հիմնական պատճառներ հանդիսացող մի քանի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանը՝ սկրինինգային հետազոտությունների միջոցով:

Ինչպես լրագրողներին ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն է պատմել, ծրագրի շրջանակներում սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի եւ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով Հայաստանում մոտակա երեք տարիների ընթացքում՝ սկսած 2015 թվականի սկզբից, անցկացվելու են սկրինինգներ: Քանի որ երկրում մահացության հիմնական պատճառների շուրջ 2/3-ը հենց այս հիվանդություններն են, դրանց վաղ հայտնաբերումը հնարավորություն կտա ավելի արդյուավետորեն բուժել դրանք եւ կանխել հետագա բարդությունները:

Սիրտ-անոթային մի շարք հիվանդությունների պատճառ հանդիսացող զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի սկրինինգներում նախատեսված է ընդգրկել 35-68 տարեկանց մարդկանց մոտ 60 տոկոսը, իսկ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով 30-60 տարեկան կանանց 50 տոկոսի շրջանում անցկացվելու է ՊԱՊ թեստ:

Ծրագրի շրջանակներում սկրինինգներից բացի նախատեսված է նաեւ բուժանձնակազմի խրախուսական վարձատրման բաղադրիչը, որպեսզի առաջնային օղակի աշխատակիցներն ավելի ակտիվորեն ներգրավեն բնակչությանը այս ծրագրում եւ երեք տարում կարողանան ապահովել 50-60 տոկոս ընդգրկվածության ցուցանիշը:

Ի՞նչ կլինի, երբ ծրագիրը սկսի գործել:

Սարո Ծատուրյանի խոսքով՝ ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, երբ մնան զանգվածային սկրինինգներ են կազմակերպվում, սկզբնական շրջանում հիվանդացության որոշակի աճ է գրանցվում, եւ դա բնական է, քանի որ պրոֆիլակտիկ հետազոտության ժամանակ բացահայտվում են շատ հիվանդներ, ովքեր գաղափար էլ չունեին իրենց առողջական խնդիրների մասին: Իսկ ծրագրի արդյունքները ակնհայտ կդառնան տարիներ անց, երբ հիվանդացության եւ մահացության ցուցանիշները երկրում կնվազեն: Իհարկե, դրա համար հարկավոր կլինի ոչ միայն վաղ հայտնաբերել առողջական խնդիրները, այլեւ ճիշտ կերպով լուծել դրանք:

Եթե սիրտ-անոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը եւ արգանդի վզիկի քաղցկեղը ուշ են հայտնաբերվում, բավական դժվար, երբեմն էլ՝ անհնար է լինում վերականգնել մարդու առողջությունը: Իսկ այդ հիվանդությունների վաղ հայտնաբերման դեպքում հնարավոր է կանխարգելել դրանց խորացումը եւ թույլ չտալ, որ բարդություններ առաջանան: Սարո Ծատուրյանի խոսքով՝ միջազգային փորձով ապացուցված է, որ, օրինակ, արգանդի վզիկի քաղցկեղը վաղ հայտնաբերման դեպքում ենթակա է լիարժեք բուժման, եւ այդ բուժման արդյունավետությունը շատ բարձր է:

Ծրագիրը քննարկելու նպատակով այսօր՝ հոկտեմբերի 31-ին «Ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերում եւ կանխարգելում» թեմայով համաժողով է անցկացվել, որին մասնակցել են Առողջապահության նախարարության եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները եւ ոլորտի մասնագետները:

Սկրինինգային հետազոտությունները անցկացվելու են պոլիկլինիկաներում եւ բնակչության համար լիովին անվճար են լինելու:



© NEWS.am Medicine