Համաշխարհային բանկի ներկայացուցիչը՝ Հայաստանում իրականացվող նոր ծրագրի մասին

20:22   31 հոկտեմբերի, 2014

Այս պահին Համաշխարհային բանկը Հայաստանում երկու ծրագրի է օժանդակում: Առաջին ծրագրի հիմնական նպատակը մարզերում գտնվող հիվանդանոցների վերակառուցումն ու վերազինումն է: Այս ծրագիրը շարունակվելու է մինչեւ 2016 թվականը: Երկրորդը նոր ծրագիր է, որի մեկնարկը հիմա է տրվում: Հենց այս ծրագրի շուրջ է NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել Հայաստանում Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար Վեզի Մսիշայի հետ:

Նոր ծրագիրն իրականացվում է Հայաստանի կառավարության եւ առողջապահության նախարարության հետ համատեղ, եւ դրա հիմնական նպատակն է սկրինինգների օգնությամբ սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի եւ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտրոշումն ու բուժումը. դա կօգնի նկատելիորեն նվազեցնել մահացությունը, քանի որ հենց այս հիվանդությունների պատճառով են լինում մահվան դեպքերի մոտ 2/3-ը:

Վեզի Մսիշայի խոսքով՝ այս ծրագիրը շատ կարեւոր է, եւ Հայաստանը առաջին երկրներից մեկն է, որտեղ այն իրականացվում է: Համաշխարհային բանկի՝ այլ երկրներում իրականացվող ծրագրերի մեծ մասը կենտրոնացած է ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի եւ մոր եւ մանկան առողջության պահպանման վրա:

Բացի այդ, ծրագիրը եզակի է նաեւ այն բանով, որ նրա շրջանակներում կիրառվելու է նաեւ խրախուսական վարձատրում բուժաշխատողների համար, ինչը կմոտիվացնի նրանց սկրինինգային ծրագրում հնարավորինս շատ մարդ ընդգրկելու համար: Հայաստանը, Վեզի Մսիշայի խոսքով, առաջին երկրներից մեկն է, որի հետ համագործակցելով Համաշխարհային բանկը նման խրախուսական վարձատրման ծրագիր է իրականացնում: Այս փորձը շատ կարեւոր է, քանի որ, եթե այն արդյունավետ լինի, ապա հնարավոր կլինի կիրառել նաեւ այլ երկրներում, որտեղ նույնպես ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքար է ընթանում:

Ըստ Վեզի Մսիշայի, չի բացառվում, որ ապագա մի քանի տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունն ու Համաշխարհային բանկը միասին այլ ծրագրեր էլ իրականացնեն. բանակցություններն այս հարցի շուրջ չեն ընդհատվում:



© NEWS.am Medicine