Երեւանում ընթանում է Հայաստանի սրտի ռիթմի ասոցիացիայի առաջին վեհաժողովը

11:34   1 նոյեմբերի, 2014

Երեւանում այս պահին ընթանում է երեկ՝ հոկտեմբերի 31-ին մեկնարկած Հայաստանի սրտի ռիթմի ասոցիացիայի առաջին վեհաժողովը, որին հայաստանցի մասնագետներից բացի մասնակցում են նաեւ ԱՄՆ-ից ժամանած սրտաբան-առիթմոլոգները:

Վեհաժողովին քննարկվում են սրտի ռիթմի խանգարմանը վերաբերվող ամենաարդիական հարցերը, որոնց թվում են սրտի բնածին արատները եւ հղիությունը, սրտի էլեկտրոֆիզիոլոգիան, տարատեսակ առիթմիաները եւ դրանց դեմ պայքարի ձեւերը: Վեհաժողովի այսօրվա նիստի ավարտին նախատեսված է նաեւ պրակտիկայում հանդիպած հետաքրքիր դեպքերի քննարկում անցկացնել:

Ինչպես լրագրողներին Հայաստանի սրտի ռիթմի ասոցիացիայի նախագահ սրտաբան-առիթմոլոգ Լուսինե Մխիթարյանն էր պատմել, ասոցիացիան ստեղծվել է վերջերս, եւ դրա հիմնական նպատակն է ոչ միայն խթանել առիթմոլոգիայի զարգացումը Հայաստանում, այլեւ ուսուցանել այլ բժիշկներին եւ փորձել ոլորտում առկա խնդիրները լուծել: Հենց այս նպատակներին է ծառայելու նաեւ երեկ եւ այսօր ընթացող վեհաժողովը:



© NEWS.am Medicine