Կինը դուրս է եկել կոմայից եւ ծննդաբերել

14:09   1 նոյեմբերի, 2014

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-ին Ջենի Քուայլզը հղիության 33-րդ շաբաթն էր հատել, երբ, բժշկի մոտ հերթական այցելության մեկնելիս, վրաերթի ենթարկվեց՝ փողոցի մեջտեղում: 

Մոտավորապես երկու շաբաթ անց ֆլորիդացի 36-ամյա կինը ուշքի եկավ՝ Bayfront Health հիվանդանոցում, իսկ հոկտեմբերի 29-ին էլ կծկումները սկսվեցին: Չորս ժամ անց Ջենիի դուստրը՝ Անխել-Նոեմին կամ Էմին կեսարյան հատմամբ լույս աշխարհ եկավ՝ 2,7 կգ քաշով, թեեւ ծննդաբերությունը դեկտեմբերի 1-ին էր սպասվում: Այդուհանդերձ, Ջենիի բժշկի հավաստիացմամբ, փոքրիկը հրաշալի է զգում իրեն, իսկ մոր վիճակն էլ կայունացել է եւ օրեցօր դեպի լավն է գնում: Վերջինս արդեն կարող է ոտքերն ու ձեռքերը շարժել եւ շրջապատի հետ աչքերի օգնությամբ հաղորդակցվել: Ուղեղի ծանր վնասվածքի հանգեցրած վթարի պահին նա հասցրել է շրջվել եւ որովայնը հեռու պահել՝ դեղին լույսի տակ ձախ շրջադարձ կատարած բեռնատարի հարվածից: Մեքենայի վարորդը՝ 27-ամյա Շոն Դաունինգը, արգելված գործողության արդյունքում առավելագույնը քաղաքացիական պատժի կարող է արժանանալ, քանի որ, ինչպես, FoxNews-ի վկայակոչմամբ, ոստիկանության ներկայացուցիչներն են մեկնաբանում, նրա գործողություններում հանցավոր բաղադրիչ չի նկատվել:

Իսկ ահա ծննդկանի ամուսինը՝ Անխել Քուայլզը, վերջապես լույս է տեսել՝ բացասական իրադարձություններով լի թունելի վերջնամասում: Նա մտադիր է ոտքի հանել կնոջը, որպեսզի կարողանա իր գիրկն առնել երեխային: «Միակ ցանկությունս այն է, որ կինս իմ կյանք վերադառնա», - նշել է նա:



© NEWS.am Medicine