Հունական ընկույզները պաշտպանում են քաղցկեղից

21:35   17 նոյեմբերի, 2014

Հունական ընկույզի ամենօրյա օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը, պնդում են ամերիկացի գիտնականները Քալիֆորնիայի համալսարանից։

Գիտնականները հայտնաբերել են, որ հունական ընկույզի կամ դրա յուղի ներառումը մկների սննդակարգում դադարեցնում է ուռուցքների աճը։ Հունական ընկույզները նպաստում են նաեւ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը եւ ինսուլինի նկատմամբ զգայնության աճին, ինչն օգնում է կանխարգելել շաքարախտը։

Հունական ընկույզը մի շարք օգտակար նյութերի բնական աղբյուր է, այդ թվում՝ օմեգա3 ճարպաթթուների, եւ արդեն ապացուցված է, որ դրանք պաշտպանում են սրտային հիվանդություններից։

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օմեգա3 ճարպաթթուները ունակ են կրճատելու IGF-1 հորմոնը, որի քանակի աճը հղի է շագանակագեղձի եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացմամբ։

Նոր հետազոտության մեջ գիտնականները փորձել են պարզել, ունեն արդյոք հունական ընկույզները ինչ–որ յուրահատուկ բժշկական հատկություններ, թե նրանց բարենպաստ ազդեցությունը առանձին բաղադրիչներով է պայմանավորված, մասնավորապես, օմեգա3 ճարպաթթուներով, որոնք այլ մթերքներում եւս առկա են։

Փորձի շրջանակում գիտնականները 18 շաբաթվա ընթացքում մկներին կերակրել են ամբողջական հունական ընկույզով, ընկույզի յուղով կամ նմանատիպ բաղադրությամբ յուղով։

Հունական ընկույզով ու ընկույզի յուղով կերակրվող կենդանիների մոտ գրանցվել է խոլեստերինի մակարդակի անկում եւ շագանակագեղձի քաղցկեզի աճի դանդաղում, իսկ նմանատիպ բաղադրությամբ յուղով կերակրվող մկների մոտ այդպիսի ազդեցություն չի արձանագրվել։

Թեպետ հետազոտությունը չի բացահայտել, թե ընկույզի բաղադրության մեջ կոնկրետ որ նյութը կամ նյութերի համադրությունն է դանդաղեցնում քաղցկեղային ուռուցքների աճը, հետազոտողները կարողացել են ցուցակից բացառել բջջանյութը, ցինկը, մագնեզիումը եւ սելենը։

 



© NEWS.am Medicine