Բրիտանացի աղջիկները ամենագերն են Եվրոպայում

22:09   18 նոյեմբերի, 2014

Մինչեւ 20 տարեկան բրիտանացի աղջիկները ամենագերն են Եվրոպայում, իսկ տղաները նույն ցուցանիշով տասներորդն են մայրցամաքում իրենց հասակակիցների միջեւ։ Այսպիսի տվյալներ են հրապարակել մանկաբուժության եւ մանկական առողջության Արքայական քոլեջի (Royal College of Paediatrics and Child Health) հետազոտողները։

Հետազոտողների համաձայն, մինչեւ 20 տարեկան բրիտանացիների արական սեռի 26 տոկոսը, եւ իգական սեռի 29 տոկոսը ճարպակալմամբ է տառապում, գրում է The Daily Mail–ը.

Քոլեջը համեմատել է 22 եվրոպական երկրի վիճակագրական տվյալները երեխաների ֆիզիկական եւ մենթալ բարեկեցության վերաբերյալ։

Մասնագետներին մտահոգել են նաեւ երիտասարդ բնակչության հոգեկան առողջության ցուցանիշները։ Նրանք պարզել են, որ Մեծ Բրիտանիայում 5–ից 10 տարեկան երեխաների տասից մեկը հոգեկան խանգարում ունի (հետազոտողները դրանց թվին են դասել նաեւ սահմանային վիճակները, օրինակ, դեպրեսիան )։

Հետազոտողները ստացված տվյալները գնահատել են որպես ահարկու եւ կոչ են արել ինչպես բժիշկներին, այնպես էլ քաղաքական գործիչներին ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակին եւ համատեղ ջանքերով միջոցներ ձեռնարկել այն շտկելու համար։ Մասնավորապես, նրանք պահանջել են արգել ճարպոտ եւ շաքար պարունակող ուտեստների ցերեկային հեռուստագովազդը։

 



© NEWS.am Medicine