Կարտոֆիլը եւ ավելորդ քաշը. նիհարողներին կարելի՞ է կարտոֆիլ ուտել

19:32   19 նոյեմբերի, 2014

Ավելորդ քաշից ազատվել ցանկացող մարդկանցից շատերը ուզում են իմանալ, արդյոք պետք է սննդակարգից բացառել կարտոֆիլը։ Պարզվում է, կարտոֆիլից հրաժարվել պետք չէ, պնդում է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։ Նույնիսկ ընդհակառակը՝ ձմռան ամիսներին այն բավական լավ սնունդ է, ուղղակի պետք է իմանալ, թե ինչպես կարելի է պատրաստել կարտոֆիլը, իսկ ինչպես՝ ոչ։

Դիետոլոգի խոսքով՝ կարտոֆիլն իրականում այնքան էլ շատ կալորիաներ չի պարունակում, բայց երբ այն տապակում են («ժարիտ»), այն դառնում է չափազանց կալորիական եւ իրոք կարող է գիրացնել։ Այդ իսկ պատճառով, հրաժարվել արժե հենց տապակած կարտոֆիլից, եւ կարեւոր չէ՝ ձեթում թե յուղում է այն տապակվել։

Իսկ ինչպե՞ս պատրաստել կարտոֆիլը, որպեսզի այն լինի օգտակար եւ դիետիկ։ Դիետոլոգը խորհուրդ է տալիս այն խորովել կամ կրակի վրա կամ ջեռոցում։ Լավ գաղափար է խորովել այն հենց կեղեւով, ուղղակի պետք է այն լավ լվանալ եւ, իհարկե, ցանկալի է գնել այնպիսի կարտոֆիլ, որը քիմիական պարարտանյութերով մշակված չի եղել (բոլոր այդ նյութերը կեղեւի տակ են կուտակվում)։

Կարտոֆիլը կարելի է նաեւ խաշել կամ շոգեխաշել՝ այդպես այն նույնպես բավական դիետիկ եւ օգտակար կլինի։



© NEWS.am Medicine