Օճառի բաղադրիչը կազմող մանրէասպան միացությունը կարող է լյա՞րդը վնասել

12:08   20 նոյեմբերի, 2014

Հակաբակտերիալ օճառների մեծ մասի հիմնական բաղադրիչը հանդիսացող՝ տրիկլոզան անվամբ հայտնի քիմիական միացությունը մանրէների դեմ պայքարը լյարդի առողջության հաշվին կարող է մղել: Փորձագետների համար գաղտնիք չէ, որ այն վտանգավոր է առողջության համար. անցյալ տարի նույնիսկ սննդամթերքի եւ դեղամիջոցների նկատմամբ սանիտարական վերահսկողություն իրականացնող ամերիկյան վարչությունն էր այդ մասին հայտարարությամբ հանդես եկել, ինչին Մինեսոտա նահանգի՝ հակաբակտերիալ օճառներում դրա բաղադրությունն արգելելու մասին որոշումն էր հետեւել: Այդուհանդերձ, ինչպես վերջերս իրականացված հետազոտությամբ է պարզվել, տրիկլոզանը շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան մինչ այժմ էր թվում, հաղորդում է FoxNews-ը:

Մասնավորապես, ինչպես լաբորատոր մկների նկատմամբ իրականացված փորձարկումներն են ցույց տվել, խնդրո առարկա քիմիական միացությունը լյարդի առողջության վրա բացասական ազդեցություն թողնելու եւ օրգանում ուռուցքի առաջացման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու հատկությամբ է աչքի ընկնում:

Տրիկլոզանը հակաբակտերիալ օճառների շուրջ 75 տոկոսի, ինչպես նաեւ մաստիկայի, ատամի մածուկի եւ կոսմետիկ միջոցների բաղադրիչներից մեկն է հանդիսանում: Ինչպես Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածի շրջանակում նկարագրություն գտած հետազոտության հեղինակներն են վստահեցնում, մկների մոտ այն լյարդի առողջությանը վնասելու եւ ուռուցքների աճին նպաստելու ներուժ է դրսեւորում:

Գիտնականները մտահոգություն են հայտնել՝ միացության տարածված կիրառության շուրջ եւ այն հնարավորինս սահմանափակելու առաջարկությամբ հանդես եկել: Խոսքը հատկապես այն ապրանքատեսակներին է վերաբերում, որոնք տրիկլոզանի բարձր բաղադրության հաշվին անհամեմատ նվազ օգուտ կարող են տալ: Հարկ է նշել, որ ի տարբերություն հակաբակտերիալ օճառների, ատամի մածուկում, օրինակ, միացության աննշան բաղադրություն կարելի է գտնել:



© NEWS.am Medicine