7 պարզ ախտանշաններ, որոնք պետք է տղամարդկանց ուշադրության կենտրոնում լինեն

12:46   22 նոյեմբերի, 2014

Տղամարդիկ հաճախ են իրենց առողջական խնդիրներն անտեսելու հատկությամբ աչքի ընկնում: Գաղտնիք չէ, որ ցավից բողոքելն այնքան էլ առնական վարք չի համարվում: Դա թեւրես մեկն է այն պատճառներից, որոնք ուժեղ սեռի ներկայացուցիչների՝ բժիշկների նկատմամբ խուսափողական վերաբերմունքին են հանգեցնում, հիշեցնում է NewsMax Health-ը:

«Ավելի քան 5 տարի բժշկի երես չտեսած չորս մարդկանցից երեքը արական սեռն են ներկայացնում: Տղամարդիկ խուսափողաբար են բժշկին հանդիպում նշանակելու գաղափարին վերաբերվում, քանի որ սիրում են անկախ եւ ինքնաբավ մնալ», - նշել է հոգեթերապեւտ, «Dying to Be Men» գրքի հեղինակ դոկտոր Ուիլ Քորթնին՝ Սան Ֆրանցիսկոյից: Այդպիսի դիրքորոշումն ամենօրյա կյանքում միայն հիացմունքի կարող է արժանանալ, սակայն երբ բանը առողջությանն է հասնում՝ վերջը կարող է վատ լինել:

Ստորեւ 7 պարզ ախտանշաններ ենք ներկայացնում, որոնք, սակայն, երբեք չպետք է տղամարդու ուշադրությունից վրիպեն.

Փորկապություն. տղամարդկանցից շատերն են փորկապության խնդրին լուծողականի օգնությամբ վերջակետ դնում, սակայն հարկ է նշել, որ խնդրո առարկա վիճակը կարող է սննդի մնացորդների՝ աղիներից արտանետմանը խանգարող ուռուցքի հետեւանքը լինել: Այնպես որ, եթե փորկապությունն օրեր է տեւում, հարկավոր է անմիջապես բժշկի օգնությանը դիմել: Կոլորեկտալ քաղցկեղը տղամարդկանց շրջանում մահացության հանգեցնող երրորդ վտանգավոր քաղցկեղային հիվանդությունն է հանդիսանում:

Տարօրինակ տեսքի պեպեններ. մաշկի քաղցկեղը տղամարդկանց եւ կանանց մոտ առավել հաճախ ախտորոշվող քաղցկեղային հիվանդություններից մեկն է:  Այնպես որ նոր եւ տարօրինակ տեսքի՝ տձեւ պեպենն ու խալն անմիջապես պետք է բժշկի ուշադրությանը ներկայացվեն:

Ստամոքսի քրոնիկ խանգարում. ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրանող այրոցը կարող է անուշադրության արժանանալ, բայց երբ խոսքը քրոնիկ՝ առնվազն շաբաթական երկու անգամ կրկնվող թթվային ռեֆլյուքսի մասին է գնում, երեւույթի հիմքում կարող է ստամոքսա-կերակրափողային ռեֆլյուքսը լինել, ինչը երբեմն բորբոքման, արյունահոսության եւ կերակրափողի խոցի ձեւավորման է հանգեցնում: Որոշ դեպքերում նաեւ կերակրափողի քաղցկեղի առաջացման սպառնալիք է գործում: «Կերակրափողի քաղցկեղը եւս բավականին լայն տարածում ունի, ուստի կարեւոր է, որ պարբերաբար անտացիդ միջոցների օգնությանը դիմող տղամարդն անպայման բժշկական հետազոտության ներկայանա», -  խորհուրդ է տվել «The Healthy Heart Miracle» գրքի հեղինակը՝ դոկտոր Գեյբ Միրկինը:

Չհագեցվող ծարավ. սա էլ կարող է շաքարախտի առաջացման մասին վկայել: Այլ ախտանշաններից են հաճախակի միզարձակումը, անկառավարելի քաղցը, քաշի անբացատրելի ավելացումը կամ նվազեցումը, սրտխառնոցը եւ մշուշված տեսողությունը: Դոկտոր Վալտեր Գամանի համոզմամբ, յուրաքանչյուր տղամարդ «տարեկան մեկ անգամ գոնե արյան պարզագույն հետազոտության պետք է ներկայանա՝ գլյուկոզայի մակարդակը չափելու նպատակով»:

Ցավ՝ միզելիս. կանանց մոտ այս ախտանշանը, որպես կանոն, միզասեռական համակարգի ինֆեկցիայի առկայության մասին է վկայում, սակայն տղամարդկանց մոտ դրա պատճառը շագանակագեղձի մեծացումը կամ քաղցկեղը կարող է լինել:

Էրեկտիլ դիսֆունկցիա. ինչպես բոլորովին վերջերս՝ Մայոյի կլինիկայում իրականացված հետազոտությամբ է պարզվել, կյանքի 5–րդ կամ 6-րդ տասնամյակի ընթացքում էրեկտիլ դիսֆունկցիա ունեցած տղամարդկանց, խանգարումից զերծ մնացածների հետ համեմատությամբ, հետագայում սրտի հետ կապված խնդիրների բախվելու շուրջ  50 անգամ բարձր ռիսկ է սպառնում: Ուստի այդպիսի տղամարդիկ պետք է, որքան հնարավոր է՝ շուտ, սրտի բազմակողմանի հետազոտություն անցնեն: 

Խռմփոց. ճիշտ է՝ տղամարդու խռմփոցից ավելի շատ կինը կարող է տուժել, բայց երբեմն այն կարող է նաեւ քնի ապնոէի արդյունք լինել, ինչն, ի միջի այլոց, անհամեմատ ավելի հաճախ հենց տղամարդկանց մոտ է գլուխ բարձրացնում: Ուստի դոկտոր Քորթնին հաճակի խռմփացնող տղամարդկանց էլ խորհուրդ է տալիս ժամանակ գտնել՝ բժշկին տեսակցելու համար:



© NEWS.am Medicine