Գվինեայում Էբոլայով վարակված հիվանդների արյան նմուշներ են առեւանգել

11:34   22 նոյեմբերի, 2014

Գվինեայում ենթադրաբար Էբոլայի վարակը կրող մարդկանց արյան նմուշներ են առեւանգվել: Associated Press գործակալության հաղորդմամբ, գողությունը դրանց՝ Կանկան նահանգից երկրի հարավում գտնվող Գեկեդու քաղաքում տեղակայված լաբորատորիա տեղափոխման ընթացքում է իրականացվել:

Համաձայն ձեռք բերված տեղեկությունների, երեք հանցագործներ մոտոցիկլետներով փակել են ինը մարդ տեղափոխող տաքսու ճանապարհը. ուղեւորների թվում նաեւ Կարմիր Խաչի՝ հատուկ սառնարան-պայուսակի մեջ արյան նմուշները տեղափոխող սուրհանդակն է գտնվել: Չարագործները վարորդին եւ ուղեւորներին ստիպել են դուրս գալ ավտոմեքենայից եւ նրանց բջջային հեռախոսները, զարդերն ու անոթների պարունակությամբ կոնտեյներն առգրավել:

Գվինեայի Կարմիր Խաչից ենթադրում են, որ առեւանգիչներին, ամենայն հավանականությամբ, թվացել է, թե պայուսակի մեջ գումար կարող են գտնել: Կազմակերպությունը նաեւ հավաստիացրել է, որ առաջիկայում արյան նմուշների պահպանությունը տեղափոխությունների ընթացքում կուժեղացվի:



© NEWS.am Medicine