Ալյուրը քիմիական նյութերով հարստացնելը լավ գաղափար չէ՞

17:00   22 նոյեմբերի, 2014

Ալյուրը «օգտակար» քիմիական նյութերով հարստացնելը լավ գաղափար չէ եւ շատ վտանգներ է պարունակում, պնդում են որոշ մասնագետներ:

Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ալյուրը՝ տարատեսակ նյութերով հարստացնելու գաղափարից հրաժարվել են գրեթե բոլոր խոշոր երկրները, մասնավորապես՝ Իսրաելը, Չեխիան, Իտալիան, Նորվեգիան, Ռուսաստանը, Չինաստանը, Ճանպոնիան, Կորեան եւ Բելառուսը: Նրա կարծիքով՝ պատճառն այն է, որ նյութերը, որոնցով ցանկանում են հարստացնել ալյուրը, սինթետիկ են եւ այդ պատճառով օգտակար չէն: Ավելին՝ նրա կարծիքով, դրանք կարող են հաջորդ սերնդների գենետիկ խաթարումների պատճառ դառնալ:

Կենսատեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանը իր հերթին նշել է, որ եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի նման տարրերով հարստացված հաց արտադրել, թող արտադրի, բայց պետք չէ բոլորին պարտադրել դա անել: Նա նաեւ հիշեցրել է, որ ալյուրի բոլոր օգտակար նյութերը թեփի մեջ են, իսկ բարձր կարգի ալյուրում ոչ մի օգտակար բան չկա, այդ իսկ պատճառով, ցանկալի է խոշոր աղացած ցորենից պատրաստված հաց ուտել՝ եւ ոչ մի հավելանյութերի եւ պրեմիքսների կարիք չի լինի:

ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն իր հերթին ասել է, որ դեռ խորը չի ուսումնասիրել քննարկվող փաստաթուղթը եւ խոստացել է ուսումնասիրել այն եւ հասկանալ, թե ինչով են առաջնորդվում նախագծի հեղինակները եւ ինչու են ուզում նշված նյութերով հարստացնել ամբողջ այլուրը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ կառավարության նիստում որոշում էր ընդունվել հավանություն տալ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ալյուրը՝ տարբեր քիմիական նյութերով հարստացնելու միջոցով պայքարել երկրում տարածում ունեցով որոշ հիվանդությունների դեմ:



© NEWS.am Medicine