Ինքնատիպ գելը արյունահոսությունը մի քանի վայրկյանում դադարեցնելու ներուժ ունի

22:13   22 նոյեմբերի, 2014

Բրուկլինի մեծ չափերով աչքի չընկնող լաբորատորիաներից մեկում ներկայումս արյունահողությունը դադարեցնող VetiGel գելի մշակման աշխատանքներն են ընթանում, որն արդեն հասցրել է իսկական գիտական ճեղքման համբավ ձեռք բերել: Բանն այն է, որ վերքի վրա քսելուն պես նորահայտ դեղամիջոցը գրեթե ակնթարթորեն արյունահոսությունը դադարեցնելու հատկություն է դրսեւորում: Ու թեեւ ներկայումս խոսքը միայն գելի՝ անասնաբուժության ոլորտում կիրառման մասին է, բոլոր հիմքերը կան՝ ենթադրելու, որ այն մարդկանց բուժման համար էլ կարող է օգտակար գտնվել, հաղորդում է Medical Daily-ն:

Գիտնականների խոսքով, արյունահոսությունը 20 վայրկյանում է դադարեցվում: Դա ռեկորդային ցուցանիշ է՝ ժամանակակից բժշկության համար: Գելի ազդեցությամբ թրոմբոցիտները սկսում են ցանց ձեւավորել: Ինքը՝ գելն էլ բուսական հիմքով, արյան ուղղությամբ մակարդվելու բնական ազդակներ հաղորդող, հեմոստազն արագացնող եւ ֆիբրինի ու թրոմբոցիտների ցանցի միահյուսումն ամրացնող. այդ կերպ էլ՝ կայուն թրոմբի ձեւավորմանը նպաստող պոլիմերներից է ստեղծվում:

Գելի դրական ազդեցությունը բջջային եւ ֆիզիկական (այն նաեւ վնասված անոթներում ճնշման կայունացում կարող է ապահովել) մակարդակներում բազմակողմանի ազդեցության հաշվին է տրվում: Նորահայտ դեղամիջոցը փափուկ եւ շարակցական հյուսվածքների՝ մաշկից մինչեւ օրգանների տարատեսակ վնասվածքների պարագայում է կիրառելի:



© NEWS.am Medicine