Ձիթապտղի յուղով թաթախված հացը՝ սրտի կաթվածի առաջացման ռիսկը նվազեցնող միջոց

10:30   25 նոյեմբերի, 2014

Գլազգոյի համալսարանականների նախաձեռնությունը գտած հետազոտությամբ պարզվել է, որ ձիթապտղի յուղով թաթախված հացը 6 շաբաթվա ընթացքում կարող է սրտի կաթվածի առաջացման ռիսկի նշանակալի կրճատման եւ, մասնավորապես, պսակաձեւ զարկերակի հիվանդությունների հետ առնչվող քիմիական ազդակների շեշտակի բարելավման հանգեցնել, ինչը միջերկրածովյան սննդակարգի անկյունաքարը հանդիսացող յուղի առողջարար հատկությունների հերթական ապացույցն է հանդիսանում՝ ի հիշեցումն հատկապես այն մարդկանց, ովքեր սովորաբար խուսափում են դրա կիրառությունից, հաղորդում է The Daily Mail-ը:

Հետազոտության շրջանակում առողջ մասնակիցների ամենօրյա սննդակարգին ընդամենը 20 մլ՝ թեյի չորս գդալ ձիթապտղի յուղ է ավելացվել՝ գրեթե նույնչափ, որքան մեկ բաժակ սալաթին է ավելացվում:  The American Journal of Clinical Nutrition ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, ընդամենը վեց շաբաթ անց մասնակիցների մոտ մեզի հետազոտությամբ սրտանոթային հիվանդության զարգացման մասին վկայող ազդակների բարելավում է նկատվել:

Դոկտոր Բիլ Մուլենը՝ սրտաբանության եւ բժշկական գիտությունների ինստիտուտից, հիշեցրել է, որ «հիվանդությունների վաղ ստորագրությունը հայտնաբերելու պարագայում կարելի դրանց անհամեմատ ավելի արդյունավետ եւ էժան բուժումը կազմակեպվել: Այդ տեսանկյունից, սակայն, այս կամ այն սննդատեսակի օգտակար հատկանիշների վերհանումը եւս պակաս կարեւորություն չի ներկայացնում»:

Գլազգոյի համալսարանականները, Գերմանիայում գործող Mosaiques Diagnostics մասնավոր ընկերության աջակցությամբ, ձիթապտղի յուղի՝ դրա սպառման փորձ չունեցող 69 տղամարդկանց եւ կանանց սրտի առողջության նկատմամբ ազդեցությունն են ուսումնասիրել:

Կամավորները երկու խմբի են բաժանվել՝ 6 շաբաթ շարունական օրական 20 մլ՝ պաշտպանիչ ազդեցությամբ աչքի ընկնող ֆենոլների համապատասխանաբար բարձր եւ ցածր բաղադրությամբ ձիթապտղի յուղ սպառելու համար: 

Միաժամանակ նոր ախտորոշիչ տեխնոլոգիա է կիրառվել՝ մեզի մեջ սրտանոթային հիվանդությունների, մասնավորապես՝ պսակաձեւ զարկերակի հիվանդության բիոմարկեր ճանաչված՝ սպիտակուցների քայքայման արդյունքում ստացվող պեպտիդների մակարդակը ստուգելու եւ, նախքան հիմնական ախտանշանների դրսեւորումը, հիվանդության վաղ ստորագրությունը հայտնաբերելու համար: 

Հավաքագրված տվյալների վերլուծությամբ երկու խմբերում ներառված մասնակիցների մոտ, անկախ ֆենոլների բաղադրությունից, պսակաձեւ զարկերակի հիվանդության զարգացման հետ կապված վիճակի բարելավում է նկատվել:

Դոկտոր Էմիլի Կոմբեն՝ կրթօջախին կից գործող բժշկական դպրոցից, նկատել է, որ եթե բրիտանացիները ճարպերի ընդունումը գոնե մասամբ ձիթապտղի յուղով փոխարինեն, սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի հսկայական բարելավում կարող են ապահովել:

Թեեւ հատկանշական է, որ ավանդական մարկերների, մասնավորապես՝ խոլեստերինի մակարդակի տեսանկյունից, ճարպերի եւ ձիթապտղի յուղի միջեւ որեւէ շոշափելի տարբերություն չի նկատվում: Դոկտոր Մուլենի դիտարկմամբ, «հենց դա է պատճառներից մեկը, թե ինչու են մարդիկ դժվարությամբ սննդակարգը փոխելու առաջարկին համաձայնում. նրանք երբեք պահանջվող էֆեկտին ականատես չեն դառնում: Մինչդեռ խոլեստերինի մակարդակը կարող է միայն հիվանդության առաջացման ռիսկի, բայց ոչ դրա առկայության մասին վկայել»:

Ձիթապտղի յուղը քրոնիկ հիվանդությունների, մասնավորապես սրտանոթային խանգարման եւ արթրիտի առկայության պարագայում բորբոքմանն ի պատասխան օրգանիզմի արձագանքն արգելակելու հատկությամբ աչքի ընկնող պոլիչհագեցած օմեգա-6 ճարպերի հարուստ պաշար է պարունակում: Այն նաեւ արյան ճնշումն ու լավ եւ վատ ճարպերի հարաբերակցությունը կարգավորելու ներուժ ունի:

 



© NEWS.am Medicine