Ալյուրի՝ միկրոէլեմենտներով հարստացումը հացի թանկացման կհանգեցնի՞

17:00   28 նոյեմբերի, 2014

Օրեր առաջ կառավարությունը հավանություն էր տվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծին, ինչի կապակցությամբ շատ սպառողներին մեկ հարց է հետաքրքրում. եթե ալյուրը հարստացվի միկրոէլեմենտներով, որքանո՞վ դա կազդի հացի գնի վրա:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը ասել է, որ, քանի որ ալյուրի հարստացման համար անհրաժեշտ սարքավորումեները, ինչպես նաեւ միկրոտարրերի մեկ տարվա պաշարը տրամադրելու է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը, ալյուր արտադրողների ծախսերը գրեթե չեն աճելու, հացի գների փոփոխություններ էլ չեն սպասվում:

Հրայր Ասլանյանի խոսքով՝ մեկ տոննա ալյուրի գինը աճելու է մոտ 1-3 դոլարի չափով, իսկ մեկ կիլոգրամ հացի գինը ավելանալու է 10-13 լումայի չափով: Այսինքն, նրա հավաստմամբ, տարեկան սպառողը ստիպված է լինելու հացի համար ընդամենը 35-50 դրամ ավելի վճարել:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունում «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նույնպես նշել էր, որ հացի գնի փոփոխություններ չեն ենթադրվում:



© NEWS.am Medicine