Մանկական կերի քարոզչության համար 22 իտալացի բժիշկ բանտախցում է հայտնվել. ՀԿ նախագահ

21:56   28 նոյեմբերի, 2014

Ապացուցված է, որ մինչեւ վեց ամսական երեխաների բացառապես կրծքով սնուցումը երեխաների համար լավագույն սնունդն է, եւ նվազեցնում է երեխաների հիվանդացության եւ մահացության հավանականությունը։ Այս մասին լրագրողներին «Երեխաների կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը ներկայացնելիս, ասել է World vision Հայաստանի երեխաների առողջությունն առաջնային է քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանը, հավելելով, որ World vision–ը մեծ քարոզչական աշխատանք է կատարել այս օրենքի հետ կապված, օգտագործելով բոլոր հնարավոր հարթակները։

Ըստ նրա, օրենքի անվանումից երեւում է, որ այն երկու կարեւոր հարց է լուծում։ Առաջինը՝ որպեսզի խրախուսվի կրծքով սնուցումը, միջավայր ստեղծվի սկսած ծննդատներից, ավելին, նախածննդյան խնամքից, վերջացրած ընտանիքով եւ աշխատավայրերով։ Կերակրող մայրերը պետք ունենան ավելի քիչ աշխատանքային ժամեր, կամ գործատուները պետք է տրամադրեն հատուկ տարածք, որպեսզի մայրերը կարողանան իրենց երեխաներին կրծքով կերակրել։ Երկրորդը՝ կաթնային խառնուրդների գովազդը, հատկապես բուժաշխատողների ներգրավումը այդ գործընթացում չպետք է խրախուսվի, ավելին, կարող են կիրառվել պատժամիջոցներ։

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե կոնկրետ ինչ պատժամիջոցներ կկիրառվեն կաթնախառնուրդ գովազդող բժիշկների հանդեպ, ասուլիսի երկրորդ բանախոս՝ «Վստահություն» ՀԿ-ի ղեկավար Սուսաննա Հարությունյանը օրինակ է բերել մի դեպք Իտալիայից.այնտեղ 22 բժիշկ բանտախցում է հայտնվել արհեստական կերի քարոզչության համար։ «Ես չեմ ցանկանա, որ մեր բուժաշխատողներին նման պատժի ենթարկեն, սակայն աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ ընդունվում է ուժեղ օրենք (իսկ մեր օրենքը բավականին ուժեղ է), այդ երկրներում կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները դադարեցնում են խախտումները, որովհետեւ լուրջ տուգանքներ են վճարում», – ասել է նա։

Ն. Ղարախանյանը ավելացրեց, որ այստեղ շատ կարեւոր է մայրիկների իրազեկումը, եւ մայրիկների պահանջը։

 



© NEWS.am Medicine