Օրական երեք բաժակ սուրճը պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից

22:49   28 նոյեմբերի, 2014

Սուրճի չափավոր օգտագործումը կարող է Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկի՝ 20 տոկոսի չափով նվազեցման հանգեցնել: Այս եզրահանգմամբ "Alzhemier-2014" խորագրով եվրոպական գիտական սիմպոզիումի շրջանակում Սուրճի մասին գիտական տեղեկությունների ինստիտուտը (Institute for Scientific Information on Coffee - ISIC) ներկայացնող փորձագետներն են հանդես եկել:

ISIC-ի ներկայացուցիչների զերկույցի համաձայն, վերջին չորս տարիներին իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ օրական 3-5 բաժակ սպառումը կարող է օրգանիզմին Ալցհեյմերի հիվանդությունից պաշտպանվելու հնարավորություն ընձեռել: Հիշյալ ծանր հիվանդությունը յուրաքանչյուր 20-րդ՝ 65 տարեկանից բարձր մարդու մոտ կարող է ախտորոշվել: Առաջիկա տարիներին Եվրոպայում 65 տարեկանից բարձր անձանց բաժինը կարող է 15,4 տոկոսից 22,4-ի հասնել, ինչի արդյունքում Ալցհեյմերի հիվանդությունը լրջագույն խնդիր կդառնա՝ եվրոպացիների համար:  

Գիտնականների դիտարկմամբ, ճիշտ սննդառությունը գործուն դերակատարում ունի՝ մարդու կոգնիտիվ կարողությունների պահպանման հարցում: Սննդառության՝ ծերունական թուլամտության առաջացման ռիսկը նվազեցնելու հատկությամբ աչքի ընկնող ճիշտ տարբերակներից մեկը ձկան, թարմ մրգերի, բանջարեղենի, ձիթապտղի յուղի եւ կարմիր գինու վրա հիմնված միջերկրածովյան սննդակարգն է հանդիսանում: ISIC-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ միջերկրածովյան սննդակարգի բաղադրիչը հանդիսացող օգտակար միացությունները՝ պոլիֆենոլները, նաեւ սուրճի բաղադրության մեջ են առկա:  

Բանն այն է, որ կոֆեինը ուղեղի մեջ ամիլոիդային վահանիկների եւ նեյրոֆիբրիլային կծիկների՝ Ալցհեյմերի հիվանդության երկու նախանշանների առաջացումը կանխարգելելու հնարավորություն է ընձեռում: Ի հավելումն նշվածի, ինչպես սուրճի գլխավոր բաղադրիչը, այնպես էլ պոլիֆենոլները գլխուղեղի, հատկապես հիպոկամպի եւ կեղեւի բջիջների բորբոքումն ու մաշվածքը նվազեցնելու հատկություն ունեն:

 

 

 

 



© NEWS.am Medicine