Եղվարդում թունավորված երեխաների առողջական վիճակն ունի դրական դինամիկա. ՀՀ ԱՆ

11:13   29 նոյեմբերի, 2014

Երեկ ուշ երեկոյան Եղվարդ է մեկնել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  մասնագետների հետ:

Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28 –ին արձանագրված  թունավորման հետեւանքով  այս պահի դրությամբ հոսպիտալացվել է  3-6 տարեկան 51 երեխա, որից 33-ը` Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն, 17-ը`  Երեւանի  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Եվս  7  երեխա ստանում է ամբուլատոր բուժում:

Երեխաների առողջական վիճակն ունի  դրական դինամիկա:

Նախնական տվյալներով`  երեքի մոտ հաստատվել է շիգելոս աղիքային  հիվանդությունը: Մանկապարտեզի աշխատակիցները եւս ենթարկվել են  մանրէաբանական հետազոտության: Բոլոր սաների նկատմամբ  բժշկական հսկողություն է սահմանվել:

Թունավորման պատճառները ուսումնասիրվում են:

Նախարարը մինչ ուշ գիշեր գտնվել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, զրուցել երեխաների ծնողների հետ: 

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի  խմբերը բակային համայցեր են կատարել: Կասկածելի դեպքերը հոսպիտալացվել են:

Մասնագետների կողմից ձեռնարկված համաճարակաբանական հետազոտությունները եւ  կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:

Երեխաների առողջական վիճակի եւ հակահամաճարակային աշխատանքների մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին: Իրավիճակը վերահսկելի է եւ գտնվում է  նախարարի անմիջական հսկողության ներքո:



© NEWS.am Medicine