Ջոն Հոպկինսի համալսարանականներ. ցանկանում եք խուսափե՞լ գլխացավից՝ քիչ աղ կերեք

20:36   13 դեկտեմբերի, 2014

Հետազոտությամբ պարզվել է, որ աղի սպառման ծավալների կրճատումը գլխացավի առաջացման հավանականությունը երրորդ մասով նվազեցնելու միտում ունի, հաղորդում է NewsMax Health-ը:

Մասնավորապես, ինչպես Ջոն Հոպկինսի համալսարանականներն են պնդում, օրական երեք գրամ՝ թեյի կես գդալ աղ ընդունող մարդկանց մոտ նշանակալիորեն ավելի քիչ են գլխացավեր ի հայտ գալիս:

Երեւույթի պատճառն այն է, որ աղի չարաշահումից հրաժարմամբ կարելի է արյան եւ զարկերակային ճնշման նվազեցման հասնել, մեկնաբանում են փորձագետները: Թեեւ նույնիսկ արյան նորմալ ճնշում ունեցող՝ աղի մեծ ծավալներով սպառումից հրաժարված մարդկանց մոտ կարելի է գլխացավերի անկում նկատել:

Հետազոտությունը շուրջ 400 կամավորների շրջանում է իրականացվել: Վերջիններիս, պատահականության սկզբունքով, մրգերով, բանջարեղենով եւ ճարպերի ցածր բաղադրությամբ կաթնամթերքով հարուստ կամ տիպիկ արեւմտյան սննդակարգ է նշանակվել:

Արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ աղի սպառման օրական ծավալները 9 գրամից 3-ի հասցրած մասնակիցների մոտ գլխացավի առաջացման հաճախականության՝ 31 տոկոսի չափով կրճատում է նկատվում:



© NEWS.am Medicine