Վիրահատության ժամանակ կնոջ մարմնից 9 օրգան են հեռացրել

16:05   16 դեկտեմբերի, 2014

Անգլուհի Պեմ Պոուպը վիրահատության է ենթարկվել, որի ընթացքում հեռացրել են կույրաղիքը, հաստ աղիքը, լեղապարկը, փայծաղը, արգանդը, ձվարանները, ֆալոպյան փողերը, արգանդի վզիկը եւ բարակ աղիքի մի մասը։ Վիրահատությունից առաջ Պեմը 15 ամիս շարունակ այցելել է բժիշկներին եւ բողոքել  որովայնային ցավերից, բայց բժիշկները համառորեն նրա մոտ աղիների բորբոքում են ախտորոշել։

Վերջ ի վերջո կնոջն ուղարկել են մասնագետների մոտ, եւ թեստերը չարորակ բջիջների առկայություն են ցույց տվել։ Պարզվել է՝ կինը կույր աղիքի քաղծկեղ ունի, որը բժշկության մեջ հայտնի է կույր աղիքի կեղծ միքսոմա անունով։ Սա քաղծկեղի շատ հազվադեպ հանդիպող տեսակ է, որը կես միլիոն մարդուց մեկի մոտ է հանդիպում։ Պեմի վիրահատությունը տասներեք ժամ է տեւել։

Վիրահատությանը հաջորդող առավոտյան, երբ հիվանդը գիտակցության է եկել, բուժող բժիշկը նրան ծանոթացրել է օրգանների այն ցանկին, որոնք ստիպված են եղել 65-ամյա կնոջ մարմնից հեռացնել նրա կյանքը փրկելու համար։ Լսելով այդ սարսափելի ցանկի մասին՝ Պեմն սկսել է հեծկլտալ։ Վիրահատությանը միանգամից մասնակցել է բրիտանացի 6 առաջատար վիրաբույժ, իսկ օրգանները հեռացնելուն պես հաջորդել է այսպես կոչված «քիմիական լոգանքը», որի ժամանակ կնոջ որովայնային խոռոչը լվացել են քիմիաթերապիայի դեղորայքային տաք լուծույթով։ Սովորաբար նման գործողությունը 90 րոպե է տեւում, քանի դեռ հիվանդը անզգայացած է լինում։

Հիվանդն աշխարհում ամենաինվազիվ վիրահատության է ենթարկվել, քանի որ կույր աղիքի քաղցկեղը տարածվել է ամբողջ որովայնով։ Եվ չնայած Պեմը, իհարկե, չի ապաքինվել, նրա կյանքի տեւողությունը, ինչպես բժիշկներն են ակնկալում, պետք է որ երկարի։ Ճիշտ է՝  չնայած այդ բոլոր օրգանների հեռացմանը, կնոջը միայն 5% հնարավորություն է մնացել պահպանելու բարակ աղին։ Ամենայն հավանականությամբ, այն նույնպես պետք է հեռացնեն։



© NEWS.am Medicine