Երեխաների սնունդը ամանորյա տոներին. մասնագետի խորհուրդները

20:14   16 դեկտեմբերի, 2014

Երեխաների սնունդն իր առանձնահատկություններն ունի, եւ ամանորյա տոներին այն նույնիսկ ավելի մեծ ուշադրություն է պահանջում, քան մեծահասակներինը։ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է երեխաներին կերակրել ամանորյա տոներին։

1. Մի փոխեք երեխայի սննդակարգը

Մասնագետը խորհուրդ է տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը իր սովորական ժամերին։ Իհարկե, երեխային կարելի է տոնական սեղանից ինչ-որ բան հյուրասիրել, բայց դա պետք է անել զգուշությամբ, որպեսզի անծանոթ սննդից ոչ մի խնդիր չառաջանա։ 

2. Երեխային թույլ մի տվեք շատ հյութ խմել

Երեխաների մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիքներ եւ քաղցր հյութեր, սակայն դրանք, ինչպես հայտնի է, այդքան էլ օգտակար չեն առողջության համար, այդ իսկ պատճառով թույլ մի տվեք նրանց շատ լիմոնադ եւ այլ հյութեր խմել։

3. Հյուր գնալիս ավելի զգույշ եղեք

Ուշադրություն դարձրեք, որպեսզի երեխան ուրիշի տանը թարմ սնունդ ուտի։ Եթե երեխան պատրաստվում է միրգ ուտել, համոզվեք, որ այն մաքուր է։

4. Կրկնակի ուշադիր եղեք փողոցում սնունդ գնելիս

Եթե Դուք երեխայի հետ ժամանակն անց եք կացնում փողոցում կամ էլ այնտեղ պետք է ինչ-որ բան ուտեք, ուշադրություն դարձրեք, թե որտեղ եւ ինչպես է պատրաստվել ուտելիքը (արդյոք աշխատակիցները ձեռնոց կամ էլ  համապատասխան համազգեստ են կրում, արդյոք մաքուր է խոհանոցը), արդյոք թարմ է այն։

5. Երեխային սովորեցրեք լվանալ ձեռքերը

Ձեր երեխային պարտադիր սովորացրեք ուտելուց առաջ լվանալ ձեռքերը. հիշեք՝ ինչքան վարակներ են անցնում անլվա ձեռքերից։ Եթե Ձեզ հետ ջուր չունեք, թող որ երեխան գոնե թաց անձեռոցիկ օգտագործի։ Այս խորհուրդը շատ տեղին է նաեւ մեծահասակների համար։

 

 



© NEWS.am Medicine