Սրտի բաց վիրահատություն «Քանկոր» կլինիկայում՝ Շոպենի երաժշտության ներքո (ֆոտո, վիդեո)

00:01   19 դեկտեմբերի, 2014

Զգուշացում. տեսանյութը պարունակում է կադրեր բաց վիրահատությունից

Երեւանի «Քանկոր» սիրտ–անոթային բժշկական կենտրոնի վիրահատարանում հնչում է Շոպենի երաժշտությունը: Երաժշտությունն ընդհատվելուն պես կլինիկայի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Ավետիս Ահարոնյանը բուժքույրերին խնդրում է այն կրկին միացնել:

Բժիշկների համար սա սովորական, ամենօրյա աշխատանք է, իսկ ինձ համար, ով առաջին անգամ է նման գործողության ականատես լինում, զարմանալի տեսարան:

«Տեսա՞ր սիրտը: Հավանաբար այլ կերպ էիր պատկերացնում»,- հարցնում է կլինիկայի ղեկավար Շահեն Խաչատրյանը: Պետք է խոստովանեմ՝ ես շատ բան էի այլ կերպ պատկերացնում:

Բժշկական գրականության համաձայն՝ աորտոկորոնար շունտավորումը իշեմիկ հիվանդության բուժման համար ստանդարտ, բայց ոչ հեշտ վիրահատություն է: Նույնիսկ Վիքիպեդիայում հատուկ նշվում է, որ «աորտոկորոնար շունտավորումը  վիրաբույժի եւ նրա թիմի՝ օգնականների, անեսթեզիոլոգի, պերֆուզիոլոգի եւ վիրահատական բուժքույրերի ուշադրության առավելագույն կենտրոնացում է պահանջում»: Այս վիրահատությունը հիմնականում կատարվում է արյան շրջանառության արհեստական սարքի օգնությամբ:

Իսկ հիմա վերը նշված առավելագույն ուշադրության կենտրոնացման մասին ավելի մանրամասն. անհրաժեշտ է վերահսկողության տակ պահել սարքի միջով հոսող  արյան եւ սրտի ցուցանիշները, ինչպես նաեւ այն, թե ինչքան խորն է քնած հիվանդը: Անեսթեզիոլոգը վիրահատության ընթացքում ժամանակ առ ժամանակ պերֆուզիոլոգին է հանձնում հիվանդի վիճակը վերահսկող դեղամիջոցներով լի ներարկիչներ, որոնք վերջինս անմիջապես ներարկում է արյան արհեստական շրջանառության սարքով հոսող արյան մեջ:

Վիրաբույժների ձեռքի տակ գտնվում է դեֆիբրիլյատորը. տեսանյութում  հնարավոր է տեսնել, թե ինչպես է սիրտը մեկ վայրկյան կանգ առնում, եւ բժիշկներն այն նորից աշխատեցնում են:

Վիրաբույժները նուրբ եւ մանրակրկիտ աշխատանք են կատարում. ոտքից անոթի կտորներ՝ շունտեր են  վերցնում եւ տեղադրում խցանվածների փոխարեն՝ մի ծայրը կարելով սրտին, մյուսը՝ զարկերակին կամ երակին:

Այս հիվանդին միանգամից երեք շունտ են տեղադրել:

Բայց ամենազարմանալին այն է, թե ինչ հեշտությամբ է այս ամենն արվում: Կոնկրետ գործողությունների վերաբերյալ մեզ համար մեկընդմեջ արված մասնագիտական բացատրությունները ընդհատվում են կատակներով: Հետո մեզ առաջարկում են հայերեն դժվարարտաբերելի մի բառ ռուսերեն թարգմանել, ու այդ ամենը համեմվում է լրագրողների հասցեին հնչած սուր խայթոցներով: Ընթացքում քննարկում են ներկաների երաժշտական ճաշակը, իսկ այդ ամբողջ ժամանակ վիրաբույժների ձեռքում հնազանդորեն բաբախում է սիրտը, որի արյան նորմալ մատակարարման համար նոր ուղի են բացում:

Վիրահատությունը տեւել է հինգ ժամ, եւ երբ մենք սպառված վերջապես դուրս էինք գալիս վիրահատարանից, պարզվեց, որ բժիշկների խմբին է սպասում եւս մեկ վիրահատություն. կլինիկա էին բերել հրատապ օգնության կարիք ունեցող հիվանդի:

Մինչ երկրորդ հիվանդին վիրահատության էին  պատրաստում, Շահեն Խաչատրյանը պատմել է սրտի բուժման մեջ մասնագիտացած «Քանկոր» կլինիկայի առանձնահատկությունների մասին՝ բարձրակարգ մասնագետներ, առաջատար տեխնոլոգիաներ եւ թիմային աշխատանք:  «Մենք չունենք հիվանդ, որը բժիշկ ունի, մենք ունենք թիմ, որը հիվանդ ունի»,-նշել է նա:

Թիմի, «որը հիվանդ ունի», կազմում են՝

Ավետիս Ահարոնյան՝ ղեկավար

Արման Քոչարյան՝ սրտի վիրաբույժ

Արմեն Բալայան՝ սրտի վիրաբույժ

Տիգրան Ավագյան՝ անեսթեզիոլոգ

Տիգրան Միրզայի՝ պերֆուզիոլոգ

Վերոնիկա Մանվելյան՝ վիրահատական քույր

[gallery id=44]

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Անահիտ Սարգսյան



© NEWS.am Medicine