Դեղերը Հայաստանում 5-10%-ով են թանկացել

12:18   19 դեկտեմբերի, 2014

Հայաստանում դեղորայքը թանկացել է 5-10%-ով, իսկ թանկացման պատճառը ոչ թե պարտադիր դրոշմապիտակավորումն է, այլ արտարժույթի փոխարժեքի տատանումները: Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը:

Նա հայտնեց, որ առողջապահության նախարարությունը պարբերաբար դեղամիջոցների գների մոնիթորինգ է իրականացնում, եւ այս պահին գների չհիմնավորված, սպեկուլյատիվ աճի դեպքեր չեն հայտնաբերվել: Ղուկաս Ուլիխանյանի խոսքով թանկացել են այն դեղամիջոցները, որոնք արտասահմանում ձեռք են բերվել դոլարով, իսկ ռուսական ռուբլով գնված դեղորայքը նույնիսկ էժանացել է:

Նախարարի խորհրդականը հավաստիացրեց, որ դրամի արժեւորմանը զուգահեռ դեղորայքի գները կնվազեն, ինչպես նաեւ խոստացավ խախտումների դեպքում պատժել մեղավորներին, չնայած այդպես էլ չասաց, թե ինչպես:

Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչու դրամի արժեզրկման ժամանակ շուկան վայրկենական է արձագանքում (չնայած հասկանալի է, որ հին գնով ձեռք բերված ապրանքի պաշար բոլորն ունեն), իսկ դրամի արժեւորման դեպքում ապրանքն էժանանում է ուշացումներով կամ էլ ընդհանրապես չի էժանանում, Ղ. Ուլիխանյանն այդ ամենը կապեց հետաձգված վճարումների պարտավորությունների հետ:

Նշենք, որ Հայաստանում վերջին օրերին դոլարի կուրսը բարձրացավ ռուսական շուկայում արտարժույթի փոխարժեքի թանկացումից հետո, որն էլ հանգեցրեց շուկայում գների աննախադեպ աճի եւ խառնաշփոթի:

 



© NEWS.am Medicine