Ինքնաթիռային թռիչքները բարձրացնում են մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը

23:30   19 դեկտեմբերի, 2014

Օդաչուներն ընդգրկվել են մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի զարգացման բարձր հավանականությամբ խմբի մեջ, քանի որ նրանց խցիկում ճառագայթումը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին սոլյարիում: 9 կմ բարձրության վրա գտնվող ինքնաթիռի օդաչուի խցում գտնվող մարդը մեկ ժամում այնքան ճառագայթման է ենթարկվում, որքան սոլյարիում 20 րոպե անցկացնելու ժամանակ:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, ճառագայթման ինտենսիվությունը կախված է թռիչքի բարձրությունից, եւ նրանից, թե ինչպիսի վայրերով է ընթանում ինքնաթիռը. օրինակ՝ խիտ ամպերի ներքո սավառնելու կամ էլ ձյունապատ լեռների վրայով թռիչքի դեպքում ճառագայթումը շատ ավելի բարձր է, քանի որ այդպիսի վայրերը անդրադարձնում են ճառագայթման մոտ 85%-ը, իսկ օդաչուի խցիկի ճակատային մասի ապակիները ամբողջությամբ չեն փակում UV-A սպեկտրի ուլտրամանուշակագույն ճառագայթների ճանապարհը, որը կարող է վնասել բջիջների ԴՆԹ-ն, որն էլ իր հերթին անմիջականորեն կապված է մաշկի մելանոմայի զարգացման հետ:

Ինքնաթիռի անձնակազմը եւս ենթարկվում է տիեզերական ազդեցության  (ռենտգենյան ճառագայթներ, գամմա-ճառագայթներ եւ ենթաատոմային մասնիկներ) հավանականության բարձրացմանը: Ապրիլ ամսին Կալիֆորնիայի համալսարանի աշխատակիցները մոտավորապես կեսօրին Սան Խոսեի եւ Լաս Վեգասի տարածաշրջաններում կատարվող թռիչքի ժամանակ չափել են ինքնաթիռի խցիկի ուլտրամանուշակագույն ճառագայթների մակարդակը: Այնուհետեւ ստացված տվյալները համեմատել են սոլյարիներում հավաքված տվյալների հետ:

Մաշկի քաղցկեղից խուսափելու համար մասնագետներն օդաչուներին ու ինքնաթիռի անձնակազմին առաջարկում են արեւապաշտպան քսուքներ օգտագործել:



© NEWS.am Medicine