Գրկախառնությունները նվազեցնում են վարակիչ հիվանդությունների զարգացման հավանականությունը

17:04   20 դեկտեմբերի, 2014

Հաճախ գրկախառնվող մարդիկ հազվադեպ են վարակիչ հիվանդություններ ունենում, իսկ եթե հիվանդանում էլ են, հիվանդության նախանշաններն ավելի քիչ են արտահայտված լինում: Այսպիսի եզրահանգման են եկել Քարնեգի Մելոնի համալսարանի հետազոտողները:

Գիտնականների կարծիքով՝ գրկախառնությունն այլ մարդու հետ սերտ եւ մոտ հարաբերությունների նշան է: Ինչպես հայտնի է, մարդկանց իմունային համակարգը այլ մարդկանց հետ հաճախ կոնֆլիկտներ ունենալու պատճառով վատ է պայքարում վիրուսների դեմ: Նաեւ տվյալներ կան այն մասին, որ սթրեսի ժամանակ սոցիալական աջակցությունն ունակ է կանխելու դեպրեսիայի զարգացումն ու անհանգստության խանգարումները: Մասնագետները ենթադրել են, որ սոցիալական աջակցությունը, մասնավորապես գրկախառնությունն ամրապնդում է վարակների հանդեպ իմունիտետի դիմադրողականությունը:

Հետազոտությանը մասնակցել է 404 չափահաս: Կամավորները հարցաթերթիկներ են լրացրել, այնուհետեւ հետազոտողները երկու շաբաթ շարունակ ամեն օր զանգահարել են նրանց՝ արձանագրելու գրկախառնությունների եւ կոնֆլիկտների հաճախականությունը: Այնուհետեւ գիտնականները մասնակիցներին դիտավորյալ վարակել են վիրուսային հիվանդությամբ, մեկուսացրել են նրանց եւ հետեւել:

Սոցիալական աջակցությունը նվազեցրել է վարակիչ հիվանդության հավանականությունը, որը հաճախակի կրկնվող կոնֆլիկտներից առաջացած սթրեսի պատճառով աճել է:  Գրկախառնությունները կազմել են սոցիալական աջակցության պաշտպանիչ ազդեցության մեկ երրորդ մասը: Այն մարդկանց մոտ, ում մտերիմներն աջակցել ու գրկել են հաճախ, հիվանդության նախանշաններն ավելի քիչ են արտահայտվել անկախ նրանց կյանքում կոնֆլիկտների առկայությունից կամ բացակայությունից:

Այսպիսով, գրկախառնությունները պաշտպանում են օրգանիզմը սթրեսի հետեւանքներից: Հավանական է՝ պաշտպանող ազդեցությունը պայմանավորված է ֆիզիկական կոնտակտով: Կամ էլ բանը նրանում է, որ գրկախառնությունները մարդկանց հիշեցնում են այլ մարդկանց հետ աջակցության եւ սերտ կապերի առկայության մասին:



© NEWS.am Medicine