Ինչո՞ւ են հիվանդները բժիշկներից կարեւոր ինֆորմացիան թաքցնում

14:06   20 դեկտեմբերի, 2014

Հիվանդները միշտ չէ, որ իրենց բժիշկների հետ անկեղծ են լինում: Ինչպես ցույց է տվել Քլեմսոնի համալսարանի, Ռեգենստրիֆի ինստիտուտի, Ինդիանայի համալսարանի բժշկական դպրոցի եւ Eskenazi Health կազմակերպության գիտնականների հետազոտությունը, հիվանդների յուրաքանչյուր երկրորդը բժիշկներից թաքցնում է կարեւոր ինֆորմացիայի մի մասը:

Ինչպես հայտնում է Science World Report-ը, 6 ամիս տեւած հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծել են 105 հիվանդի եւ վիրտուալ բժշկական քարտերի միջոցով նրանց առողջության վերաբերյալ ստեղծել տվյալների հսկայական բազա: Նրանք ստեղծել են նաեւ հատուկ ինտերֆեյս, որի օգնությամբ հիվանդը կկարողանա բժշկի հետ կիսել միայն այն ինֆորմացիան, որը ցանկանում է, իսկ ինֆորմացիայի մի մասը նա կարող է թաքցնել (օրինակ՝ սեռավարակներ կամ էլ հոգեկան խնդիրներ): Միեւնույն ժամանակ բժիշկը հնարավորություն է ունեցել տեսնելու, թե որ տվյալներն է ի վերջո հիվանդը թաքցրել իրենից:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մասնակիցների մոտ 40%-ը նախընտրել է բժիշկներից թաքցնել ինֆորմացիայի մի մասը: Իսկ թե ինչու են նրանք դա անում, ավաղ, դեռ հայտնի չէ: Սակայն խնդիրն այն է, որ դա կարող է վտանգավոր լինել: Եթե բժիշկը չիմանա կարեւոր ինֆորմացիայի մասին, կարող է բուժման սխալ ճանապարհ ընտրել: Բացի դրանից, նման գաղտնիքները խանգարում են բժշկի եւ հիվանդի միջեւ վստահության ձեւավորմանը եւ բացասաբար են անդրադառնում նրանց հարաբերությունների վրա:

Հետազոտողների խոսքով, բժիշկները պետք է հիվանդին հասկացնեն, որ նրանց անձնական ինֆորմացիան գաղտնի է պահվում, եւ ոչ մի երրորդ անձ չի կարող իմանալ դրա մասին:



© NEWS.am Medicine