Գիտնականները պատահաբար հայտնաբերել են մաշկի ծերացման համար պատասխանատու ֆերմենտ

18:32   20 դեկտեմբերի, 2014

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները մաշկի ծերացման համար պատասխանատու ֆերմենտ են հայտնաբերել: Հետաքրքիր է, որ նրանք ֆերմենտը միանգամայն պատահաբար են գտել, երբ հետազոտություն էին անցկացնում, թե ինչպես է Granzyme-B  նյութն ազդում զարկերակների առողջության վրա եւ որքանով է այն բարձրացնում աթերոսկլերոզի եւ սրտի կաթվածի առաջացման հավանականությունը:

20 շաբաթ տեւած փորձարկման ընթացքում գիտնականները մկների համար յուրահատուկ սոլյարի են ստեղծել, որտեղ շաբաթը երեք անգամ 3-4 րոպեի ընթացքում մկները ուլտրամանուշակագույն ճառագայթման են ենթարկվել: 20-րդ շաբաթի վերջում գիտնականները նկատել են, որ այն մկների մաշկը, որոնցից  հեռացրել են Granzyme-B ֆերմենտը, հարթ եւ առողջ է եղել, իսկ մնացած բոլորինը կնճռոտվել է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցութունից: Այսպիսով, նրանք այն եզրահանգմանն են եկել, որ Granzyme-B-ն ոչ միայն վատթարացնում է զարկերակների վիճակը, այլեւ պատասխանատու է մաշկի ծերացման համար:

Առաջատար հետազոտող Դեյվիդ Գրենվիլն ասել է, որ մաշկը սովորաբար տեսանելիորեն ծերանում եւ կնճռոտվում է հենց արեւի լույսի պատճառով (ուլտրամանուշակագույն ճառագայթներ):

«Իսկ մենք հայտնաբերել ենք, որ եթե օրգանիզմից հեռացնենք Granzyme-B-ն, մաշկն ավելի լավ կպաշտպանվի կոլագենի կորստից եւ կնճիռների առաջացումից, ինչպես ազնվազն մկների դեպքում էր»:

Հավանաբար Granzyme-B-ն ինչ-որ կերպ ոչնչացնում է կոլագենի ամբողջականությունը եւ թուլացնում է մաշկը, որի արդյունքում էլ ձեւավորվում են կնճիռները: Իսկ արեւի լույսը մեծացնում է Granzyme-B-ի քանակը եւ ուժեղացնում է մաշկի վրա այդ նյութի բացասական ազդեցությունը:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց բացահայտումը հնարավորություն կտա մաշկի ծերացման դեմ նոր կոսմետիկ միջոցներ ստեղծել:

Սակայն հիմնական խնդիրն այն է, որ մարդու օրգանիզմից պարզապես չի կարելի  վերցնել եւ հեռացնել Granzyme-B-ն, ինչպես եղել է մկների դեպքում, քանի որ այն իմունային համակարգի մի մաս է կազմում, եւ պարզ չէ, թե ինչ կլինի այդ նյութի հեռացման դեպքում:



© NEWS.am Medicine